Ոչ նյութական մշակութային ժառանգություն (ՈՆՄԺ)
Նոյեմբերի 9-ը սկաուտների համար հերթական ԱԲԿ-ի օր էր, այս անգամ նրանք վերհիշեցին և ստացան նոր գիտելիք մեր դարավոր պատմությունը վկայող Ոչ նյութական մշակութային ժառանգության (ՈՆՄԺ) և դրա պահպանման վերաբերյալ։
Հաճախ նկատած կլինեք՝ հատկապես տոների ժամանակ, թե ինչպես և ինչ ուտելիքներով են սեղան փռում ձեր մայրիկներն ու տատիկները, օրինակ՝ Ամանորի սեղանին հատուկ տեղ ունի չիրն ու չարազը, ավանդական գաթան․․․կամ նկատել եք նույնիսկ ՀՀ-ում ամեն մի մարզում յուրովի են նշում տոները, յուրովի է խոհանոցը՝ բնորոշ տվյալ տեղանքին․․․ Այս ամենը ոչ նյութական մշակութային ժառանգության մաս են կազմում, որով էլ առանձնանում ենք այլ ազգերից։
Հատուկ խորհրդանշական էր կահավորված դասասենյակը՝ մթնոլորտը տրամադրող էր։
Մեր սկաուտական խմբում հաճախ շոշափում ենք ՀՀ ոչ նյութական ժառանգությունը՝ ներկաների հետ վերհիշեցինք կիրակնօրյա ազգային պարերի ուսուցումը, ավանդական տոները, մեր երգարանը, ավանդական միջոցառումներին մասնակցությունը և այլն։ Օրինակ՝ ամեն տարի Մուսալեռում սկաուտներիս կողմից պատրաստվող հարիսան, ազգային ոգին պահող երգն ու պարը, ապա դրա մասին կիսվելը սոցիալական ցանցերում և կայքերում, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն է, կամ օրինակ Համբարձումը, Տրնդեզը, Բարեկենդանը կամ այլն նշելն ըստ սովորույթների, տոնակատարությանը հանրությանն ընդգրկելը, դրա մասին հիշելը և տարածելը․ ուրախ կլինեմ լսել այլ օրինակներ քեզանից, որոնց մասին կպատմես քո սոցիալական հաշիվներում։
Սկաուտական արշավների և այցելությունների ժամանակ սկաուտական խմբի անդամներդ նկատած կլինեք խաչքարերը, կամ արտերկրից եկած բարեկամին հաստատ Գառնի կամ Խոր Վիրապ կամ մեկ այլ հայտնի տեղ հաստատ տարել եք, իսկ երբևէ մտածել եք, թե ինչու են զբոսաշրջիկները ձգտում հենց նույն այդ վայրերն այցելել։ Ճիշտ եք, այդ վայրերը, կառույցները նույնպես ՈՆՄԺ են և հանրահռչակ են, սակայն դրանցից զատ ունենք շատ նման վայրեր, որոնք բացահայտված չեն շատերի կողմից, դա է նաև մեր նպատակը, որ սկաուտներիդ ամեն անգամ մի տեղ տանելով ծանոթացնում ենք մեր Ոչ նյութական մշակութային ժառանգությանը, որի պահպանման գործում կարևոր է իրազեկումը։
ՅՈՒՆԵՍԿՕ (Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն)-ն սահմանել է իր ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը՝ նպատակ ունենալով ապահովել ամբողջ աշխարհում ոչ նյութական մշակութային ժառանգության ավելի լավ պաշտպանությունը և բարձրացնել դրանց կարևորության մասին իրազեկումը:
Պատմամշակութային արշավների ժամանակ, սկաուտները հաճախ մաքրում են տվյալ տարածքը, վավերագրում, ուսումնասիրում և տեղեկատվությամբ կիսվում։ Այդպիսի պատմամշակութային արշավ է սպասվում նրանց նոյեմբերի 10-ին, որի ընթացքում սկաուտները բացահայտելու են ոչ նյութական մշակութային տարածքներ, մաքրելու դրանք աղբից, ապա վավերագրելու Նորատուսի խաչքարերը, որոնք մեր դարավոր պատմության լուռ վկաներն են՝ ի շնորհիվ մեր սկաուտական խմբագրական և ծրագրավորման խմբերի հասանելի են դարձնելու առցանց։ Այդ պատճառով էլ ԱԲԿ-ին ներկաները տեսական գիտելիք ստանալուց հետո, փորձարկեցին վավերագրելու հմտությունները՝ լուսանկարելով Արալեզ կենտրոնի հարակից տարածքում գտնվող խաչքար աղբյուրը։
Այո՛, ճիշտ եք, սկաուտական խմբի մեր ծրագրերը՝ անկախ տարիքային խմբերից, կազմվում են այնպես, որ ամսվա մեջ գոնե մի ծրագրում օգտագործենք ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ լինի դա խաղի, արշավի, կամ այլ մշակութային ծրագրի մասնակցության միջոցով։
Ինչպես գիտեք, մշակութային տարածքներն այն տարածքներն են, որտեղ ոչ նյութական մշակութային ժառանգության կրողները ավանդաբար ստեղծել են ոչ նյութական մշակութային արժեքներ: Զբոսաշրջիկներն ընտրում են հենց այդ տարածքները, դուք էլ ձեր արերկրա բարեկամին՝ գիտակցաբար թե ոչ, ուղղորդում եք դեպի այդ վայրեր, իսկ մենք՝ սկաուտական խմբում, հատուկ ընտրում ենք այդ վայրերը՝ բարձրացնելով իրազեկումը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջին անգամ հոկտեմբերի 17-ը հայտարարվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր, որը համայնքների կենսունակ ավանդույթները, գիտելիքն ու ունակությունները պահպանելու ու առաջ մղելու նշանակալի նախաձեռնություն է:
2006 թ. ՀՀ-ն վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան, ըստ որի էլ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և հանրահռչակման ուղղությամբ բազմաբնույթ տեղական և միջազգային ծրագրեր են իրականացվում։
Այդ թվում նաև, մեր սկաուտական ծրագրերում՝ 2009 թվականից սկած, իրականացրել ենք բազմաթիվ միջոցառումներ և հատուկ հայտագրեր, ինչպիսիք են մեր ավանդական տոների մասին տեղեկատվության տրամադրումն ու դրանց նշումը՝ ըստ ավանդույթի. ազգային երգերի և պարերի ուսուցումը և այլն:
ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրերը սկաուտական խմբում՝ հատկապես 2020թ. սկսած, էլ ավելի են կարևորվում:
Եթե ամփոփենք մեր այս հետաքրքիր և կարևոր օրը, ապա հանգիստ կարող ենք ասել, որ մենք՝ սկաուտներս, մեր ոչ նյութական մշակութային ժառանգությունը կրողներն ենք, պահպանողներն ենք և պաշտպանողներն ենք։
Աղբյուրներ՝ escs.am, hy.wikipedia.org
Հրապարակումն ընթերցվել է 36 անգամ:
Tag:Scout, Scouts, Արալեզ, հայ սկաուտ, սկաուտ