Պատմամշակութային արշավ
Սկաուտներս ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգությունը կրողներն ենք, պաշտպանողներն ու պահպանողները: Նոյեմբերի 10-ը հագեցած և նշանակալից պատմամշակութային օր էր սկաուտներիս համար: Նախորդ օրն ԱԲԿ-ից՝ Արտադպրոցական Բազմակողմանի Կրթությունից, ստացել էինք Ոչ նյութական մշակութային ժառանգության գիտելիքը, սովորել ինչպես պահպանել և պաշտպանել մեր երկրի Ոչ նյութական մշակութային ժառանգությունը: Այս գիտելիքով էլ զինված սկաուտներս` վաղ առավոտյան, ուղևորվեցինք բացահայտելու, վավերագրելու և պահպանելու մեր երկրի մշակութային արժեքները: Նորատուս հասնելուն պես, բաժանվեցինք աշխատանքային խմբերի և անցանք գործի՝ նախ մաքրեցինք խաչքարերը, ապա լուսանկարեցինք մեր հետագա ծրագրի համար, որը նույնպես միտված է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը:
Գեղարքունիքի մարզում, Գավառագետի ափին, Գավառից 5 կմ հյուսիս-արևելք է գտնվում Նորատուս գյուղը, որը Գեղարքունի գավառի և Հայաստանի հնագույն բնակավայրերից է, ուր պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ։ Ավանդույթի համաձայն Նորատուս գյուղը հիմնել է Հայկ նահապետի թոռներից Գեղամը՝ մ․թ․ա 20 -րդ դարում, որի անունից էլ առաջացել է Գեղարքունիք, Գեղամա լեռներ անունները, այնուհետ գալով Նորատուս գյուղի տարածք Գեղամ նահապետը հիմնում է ամառանոց և անվանում Նորատունս, այսինքն` նոր կառուցած տունս, հետագայում «ն» մասնիկը սղվել է և մնացել է ավելի բարեհունչ Նորատուս տարբերակը։ Եթե հավատալու լինենք այս ավանդությանը, և այն փաստարկին, որ Նորատուսի գերեզմանոցում մ․թ․ա 1998 թվականից թաղված է Գեղամ նահապետը, ապա կարող ենք հավաստել, որ Նորատուսը շուրջ 4000 տարեկան է, իսկ գյուղի բնակիչները Գեղամ նահապետի հետնորդներն են։ Սակայն հնագիտական պեղումները ավելի հեռու են տանում։
Վկայություններ հիմնադրման մասին՝ Նորատուսում բնակատեղի է հիմնադրվել դեռևս նոր քարի դարում։ Նորատուսից դեպի արևելք, «Թորոյ պալեր» քարափների կողքին կա բնական մեծ քարայր, որը տեղացիները անվանում են Հեր։ Քարանձավի շուրջ պահպանվել են անշաղախ շարերի մնացորդներ, որոնք քարայրի արհեստական ընդարձակման վկայություններն են։
Հայ ժողովրդի մշակութային ժառանգության ամենաինքնատիպ դրսևորումներից մեկն է համարվում խաչքարը: Ջուղայի 2500 խաչքարերի ոչնչացումից հետո աշխարհում խաչքարերի ամենամեծ համալիրն այսօր գտնվում է Նորատուս գյուղի գերեզմանատանը (1.9 հա տարածք) ցայսօր պահպանվել են 900 խաչքարեր, որոնք թվագրվում են 10-18-րդ դարերին:
Խաչքարային արվեստի գործերի եզակի հավաքածուն մաքրելուց և լուսանկարելուց հետո ճանապարհվեցինք «Աղի լիճ»-ի մատուռ, որը գտնվում է Նորատուսից դեպի 2 կմ դեպի հյուսիս-արևելք՝ ծովահայաց բարձրունքի վրա: Այդ տարածքում եղել է աղի ջրով լցված լճակ, որի պատճառով վանքը կոչվում է «Աղի լիճ»-ի մատուռ: Նորատուսի դամբարաններից գտնվել են բրոնզե գոտի, նետասլաքներ, ապարանջաններ, ուլունքներ, երկաթե դաշույն, կավամաններ և այլն:
Սրբատեղին շրջապատված է գերեզմանոցով, ուր կան հարյուրից ավել ամբողջական և թերատված խաչքարեր, սեղանաձև տապանաքարեր, հարթ սալաքարեր, որոնք ընդգրկում են 7-ից 17-րդ դարերի ժամանակահատվածը և այստեղ պաշտամունքային հնագույն կենտրոն լինելու խոսնակներն են:
Սկաուտներիս համար երդումը սուրբ է, որին հավատարիմ ապրում ենք մեր ողջ կյանքում: Սկաուտներս երդվում ենք հավատարիմ լինել Աստծուն, Ազգին և Հայրենիքին՝ գործելով պարտականությանը գիտակից արի և վեհանձն մարդ: Դարավոր մեր պատմությունը վկայող այս սրբավայրում էլ` ծովահայաց բարձրունքի վրա, նորեկ սկաուտները տվեցին իրենց սկաուտական երդումը՝ ոգևորված և հուզված էինք բոլոր ներկաներս:
Սկաուտներս՝ չնայելով հոգնածությանը, արշավեցինք դեպի քարափներ, որոնք գոյացել էին հրաբուխից, հասնելով խառնարան մոռացանք հոգնախությունը, ուսումնասիրեցինք բնակերտ քարանձավները, քարացած լավաները, ապա հիանալով մեր առջև բացվող Գեղամա կապուտաչյա գեղեցկուհիով՝ Սևանա լճով, վերադարձանք «Աղի լիճ»-ի մատուռ, որտեղից էլ ճանապարհվեցինք դեպի մեր հաջորդ պատմամշակութային վայր՝ Հայրավանք, որը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիսարևելյան կողմում, Սևանա լճի ափին։
Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։
Հայրավանքում էլ, ինչպես Նորատուսի և «Աղի լիճ»-ի մատուռի խաչքարերը, վավերացրեցինք բոլոր խաչքարերը: Հիացած գեղեցիկ բնապատկերով, վանքով և մեր պատմությունը հավերժացնող ձեռակերտ խաչքարերով ուղևորվեցինք հնագույն շրջանից պահպանված պաշտպանական ամրոց՝ Բերդկունքի ամրոց, որը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղում:
Բերդկունքի ամրոցով եզրափակեցինք մեր հագեցած պատմամշակութային օրը` եղել ենք և վավերացրել ենք պատմամշակութային վայրեր, որոնք դարերով կպատմեն մեր երկրի ու մշակույթի գոյության մասին:
Սկաուտները` չնայած իրենց փոքր տարիքին, շատ մեծ ու կարևոր գործ են արել և անում: Շնորհակալություն ենք հայտնում Սարօ Թաթյոսին` այս արժեքավոր ծրագիրը նախաձեռնելու և կազմակերպելու համար:
Այո՛, մեր երկիրը թանգարան է բաց երկնքի տակ…
Հրապարակումն ընթերցվել է 65 անգամ: