
ԱՐԷԳ օրն է այսօր

ՀԱՅՈՑ ԲՈՒՆ ՕՐԱՑՈՒՅՑՈՎ ԱՅՍՕՐ ՍԿՍՎՈՒՄ Է 4516 ԹՎԱԿԱՆԸ
Այսօր՝ մայրամուտից սկսած մարտի 21-ն է։ Հայոց Բուն օրացույցով (Հայկյան տոմար) սկսվում է 4516 թվականը՝ Արեգ ամսվա Արեգ օրը։ Սա այն թվականն է (մ․թ․ա․ 2492թ.), երբ, համաձայն Ղևոնդ Ալիշանի, Հայկ Նահապետը հաղթանակ տարավ Բելի նկատմամբ: Այս օրացույցը սկիզբ է առնում մ․թ․ա․ 2492 թ-ից։ Շատ քիչ ժողովուրդներ կան, որ հավակնում են ամենահին օրացույց ունենալուն։ Հայերս պատկանում ենք այդ ժողովուրդների թվին՝ ի թիվս եգիպտացիների, շումերների, հրեաների և պարսիկների։ Հայոց Բուն թվականը բացառիկ օրացույց է։ Այստեղ հատուկ անուններ ունեն ոչ միայն ամիսները, այլև ամսվա օրերը և նույնիսկ օրվա ժամերը։ Ըստ հայկական այս օրացույցի` տարին բաղկացած է 30 օրից կազմված 12 ամիսներից և 5 կամ 6 օր տևողության 13-րդ լրացուցիչ ամսից։ Ավանդության համաձայն՝ Հայկական օրացույցի ամսանունները կրել են Հայկ Նահապետի ուստրերի (որդիների) և դուստրերի անունները, իսկ ամսվա օրերը հիմնականում ունեցել են դիցաբանական և սրբավայրերի անուններ։
Արեգը Հայկական տոմարի ութերորդ ամիսն է, ունեցել է 30 օր, սկսվել է մարտի 9-ին և վերջացել ապրիլի 7-ին։ Պատմահայր Մովսես Խորենացին դեռևս հինգերորդ դարում է այս տողերը գրի առել ժողովրդական գուսաններից, ովքեր փանդիռների (բամբիռներ) նվագակցությամբ նկարագրում և փառաբանում էին արևի, կրակի, լույսի, քաջության ու ռազմի աստված Վահագնին։ Վահագնի ծնունդն արեգ ամսվա արեգ օրն է։ Հին հայերը տարեսկիզբը համարում էին հենց այս օրը: Եվ հենց այդ օրվանից, այժմեական օրացույցի մարտի 21-ից կամ գիշերահավասարից էր սկիզբ առնում Նոր տարին։ Գիշերահավասարը աստղագիտական երևույթ է, որի շնորհիվ հավասարվում է ցերեկվա և գիշերվա տևողությունը։ Երբ արեգակի կենտրոնը հայտնվում է երկրագնդի հասարակածը պարունակող հարթության վրա, հարավային և հյուսիսային բևեռները հայտնվում են արևի կենտրոնից հավասար հեռավորության վրա։ Այս օրը, ըստ ավանդազրույցի, Վահագնը բուռն ու ահարկու մարտի է բռնվում վիշապի հետ, որի արդյունքում վերջինս ընկրկում է։ Վիշապաքաղ Վահագնը հռչակվում է ռազմի, զորության և հաղթանակի աստված։ Միևնույն ժամանակ ամրագրում է բարին ու լույսը՝ մեկ անգամ ևս հաստատելով, որ չարը երբեք տեղ չունի տիեզերքում։ Հազարամյակներ շարունակ, վիշապը մերթ ընդ մերթ գլուխ է բարձրացնում փորձելով ստուգել բարու զգոնությունն ու արթնությունը։ Հիմա կարծես կրկին ֆշշացնում է։ Ամեն օր փորձում խարխլել բարու հիմքերը՝ պարարտ հող ստեղծելով տգիտության, տկարության ու անմտության համար։
Մ.թ.ա. 26-ին եգիպտացիներն անցել են անշարժ տոմարի, իսկ Հայոց շարժական տոմարը շարունակվել է գործածվել։ Նիկիայի I տիեզերական ժողովից (325) հետո հուլյան տոմարը ընդունել են քրիստոնյա բոլոր ժողովուրդները։ Մինչդեռ Հայ եկեղեցին շարունակել է առաջնորդվել Հայոց շարժական տոմարով։ Հայերը, ինչպես և մյուս ժողովուրդները, եկեղեցական տոները կարգավորել են Անդրեաս Բյուզանդացու կազմած 200-ամյա (352–551) աղյուսակով, իսկ դրա ավարտից հետո գործածվել է Էաս Աղեքսանդրացու 532-ամյա զատկացուցակը, որով և սկիզբ է առել Հայոց Մեծ թվականը։ Ձեռագրերը վկայում են, որ VII դ. Անաստաս I Ակոռեցու հանձնարարությամբ Անանիա Շիրակացին կազմել է անշարժ տոմարի նախագիծ, որը սակայն, գործածության մեջ չի մտել։ Եգիպտացիների օրացուցային տարին, ինչպես և հայկականը, իրական արեգակնայինից մեկ չորրորդ օրով պակաս է եղել, որի հետևանքով տարեսկիզբը յուրաքանչյուր չորրորդ տարին մեկ օրով շուտ է սկսվել և իր դիրքը վերականգնել է միայն 1460 հուլյան տարի անցնելուց հետո։ Եգիպտացիները այն կոչել են Սոթիսի շրջան, հայերը՝ Հայկյան շրջան։ Առաջին հայկական օրացույցը կոչվել է «Պարզատումար», որը տպագրվել է 1513 թվականին Վենետիկում՝ Հակոբ Մեղապարտի տպարանում։
Ինֆորմացիայի աղբյուրներից՝
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի Մամուլի հաղորդագրություն