16 Տարվա Հերթապահն ու հերթափոխը
Յուրաքանչյուր սկաուտ գիտակցում է, որ սկաուտական խմբի գոյությունը կախված է իր խմբի դրոշից, և այդ պատճառով, սկաուտի համար երկրի դրոշն ու խմբի դրոշը հանդիսանում են ամենաբարձր արժեքները:
2008թ.-ից մինչ օրս, մեր սկաուտական խմբի դրոշի հերթապահությունը՝ պատասխանատվությունը, ստանձնել էր մեր խմբի Վաշտապետ Սարօ Թաթյոսը, ում տարիների սխրանքի և աշխատանքի շնորհիվ, սկաուտական խմբի դրոշը՝ տարիներ շարունակ վեհ ծածանվելով, ապահովվեց խմբի շարունակությունն ու զարգացումը․ հազարից ավել սկաուտներ սկաուտական երդում տվեցին ընկեր Սարօյին, և հարյուրավոր առաջնորդներ պատրաստվեցին մեր Հայրենիքում, հազարավոր սկաուտներ բանակումներ ունեցան․․․Ստեղծվեց՝ Սկաուտ ամսաթերթը, Գրքերի ակումբը, ՏՏ Սկաուտական ուղեղային առցանց համակարգը՝ կենտրոնը, Հայաստանի առաջին առցանց գիտելիքների ձեռքբերման հարթակը, Հայաստանի առաջին սկաուտական փողային նվագախումբը, լեռնագնացների ակումբը և հազարից ավել անդամներով մի մեծ Ընտանիք:
2024թ.-ի մարտի 10-ին, խմբի վաշտապետը պատմական որոշում կայացրեց՝ ասելով․
«Սկաուտական խումբը, որը հիմնադրվեց Հայաստանում 2008թ.-ին, կոչվեց Հայաստանի Սկաուտական խումբ, չհաշված, որ հիմնադիրներն ու ղեկավարները բոլորը սփյուռքահայեր էին, բայց իմ տեսլականը միշտ եղել է այն, որ սկաուտական խումբն ու խմբի ղեկավարությունը պետք է որոշ տարի անց հանձնվեր խմբի անդամներին՝ ունենալով Հայաստանում ծնված և բնակվող, խմբում մեծացած սկաուտների: 2019թ․-ին այդ քայլին մոտեցանք, բայց 2020թ.-ի մեր ազգին պատուհաս եղած արհավիրքը՝ 44օրյա պատերազմը, և 2021թ.-ի խմբի ստիպողաբար վերաձևակերպումը՝ վերաանվանումը, ստիպեցին մեզ մի փոքր հետաձգել այն:
Այսօր, ճիշտ ժամանակն է, այսօր, խմբի դրոշի իմ հերթապահությունն ավարտվում է, և հերթափոխում է ինձ՝ 2008թ.-ից խմբի մեջ մեծացած, ընկեր Մանվել Կիրակոսյնը, և նորաստեղծ սկաուտական խորհուրդը՝ դադարեցնելով իմ պարտականություններն ու պատասխանատվությունը դրոշի և խմբի նկատմամբ՝ վերջ տալով իմ բազմամյա սկաուտական պատմությանը:
Ես վստահ եմ, որ խումբը ապահով ձեռքերում է լինելու, և ընկեր Մանվելի առաջնորդությամբ, խումբը նվաճելու է նոր բարձունքներ:
Հպարտությամբ հանձնում եմ սկաուտների և իմ համար խմբի ամենասուրբը՝ մեր դրոշը, ընկեր Մանվելին, և մաղթում նրա ղեկավարությանը հաջողություն և բարգավաճում:
Վերջին անգամ պատվի եմ առնում բոլոր իմ սկաուտներին, և հիշեցնում՜ Սկաուտը Միշտ՝ ՊԱՏՐԱՍՏ»
ԱՐԱԼԵԶ Հայաստանի Սկաուտական խմբի Վաշտապետ Սարօ Թաթյոս
Այս խոսքերով, վաշտապետը ավարտեց իր 16-ամյա ծառայությունը խմբին և դրոշին, և ներկայացրեց խմբին նոր խորհուրդ․
- Խորհրդի Ղեկավար՝ Մանվել Կիրակոսյան
- Դավիթ Իսպիրյան
- Էվա Խլղաթյան
- Աննա Արմենակյան
- Գնուն Էլոյան
- Աշոտ Պապոյան
- Սէլին Գոգեան
Դրոշի հերթափոխության արարողությունը տեղի ունեցավ Սպիտակավոր Վանքում՝ Գարեգին Նժդեհի շիրիմի մոտ, որտեղ նորընտիր ղեակավար Մանվել Կիրակոսյանը երդվեց․
«Ես` Մանվել Գնելի Կիրակոսյանս,երկար տարիներ լինելով Հայաստանի Հանրապետության Արալեզ սկաուտական խմբում, հանդիսավոր երդվում եմ`
Անձնվիրաբար ծառայել սկաուտական խմբին` լինելով Վահան խմբին և ավագ եղբայր սկաուտներին,
Միշտ պահպանել սկաուտների անվտանգությունը և հոգ տանել նրանց առողջության մասին,
Միշտ բարձր պահել խմբի անունը և անել կարելին, որ հավերժ ծածանվի սկաուտական դրոշը:
Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ ամենայն խստությամբ»:
Վաշտապետն ընդունեց երդումը և ընկեր Մանվելն ազատեց Վաշտապետին 16 տարվա հերթապահությունից՝ այդպիսով սկիզբ տալով իր հերթապահությանը:
Արարողության ավարտին, սկաուտական խումբը վերահանձնեց իր սկաուտական երդումը, որն այս անգամ ընդունեց ընկեր Մանվելը:
Շնորհակալություն ենք հայտնում մեր խմբի Վաշտապետին, ով անձնվիրաբար ծառայելով և ոչինչ չխնայելով տարիներ շարունակ պահպանեց մեր խմբի էությունը, և շուրջօրյա ծառայությամբ՝ բոլոր մարտահրավերները հաղթահարելով, ապահովվեց մեր Սկաուտական խմբի հավերժությունը:
Ի սրտե շնորհավորում ենք մեր նոր ղեկավարին՝ Ընկեր Մանվելին՝ մաղթելով նրան հաջողություն և նրա ղեկավարությամբ խմբի նոր բարձունքներ նվաճում:
Խու՛մբ, Պատվի Առ
Հրապարակումն ընթերցվել է 83 անգամ: