Աշուղ Ջիվանի | Խելքի՛ Աշեցեք
Ծանոթացեք Աշուղ Ջիվանի մասին ներքևոմ:
Խելքի՛ Աշեցեք
Նվեր ալեքսանդրապոլցի
Պ. Հովհաննես Խոջայանցին
Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից
Ուզում է որս խլել, խելքի՛ աշեցեք.
Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից,
Պատերազմ է մտել, խելքի՛ աշեցեք։
Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան,
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
Ուզում է ձու ածել, խելքի՛ աշեցեք։
Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
Երիվարը լուծ է քաշում էշի հետ.
Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ
Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք։
Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած.
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք։
Ուղտը մետաքսագործ, եզը նավավար,
Գայլը հովիվ դառած կարածե ոչխար.
Աղվեսը հավնոցի դռանն հուշարար,
Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք։
Երեխան ձեռն առած փտած, հին լարը,
Բռնել կամի դարձող ջաղացի քարը.
Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,
Կողքը դեմ է տվել, խելքի՛ աշեցեք։
Ուրացողը խիղճ չունի ամենևին,
Չըզգալով, սպիտա՛կ ասում է սևին,
Կույրը չտեսնելով լույսը արևին,
Աշխատում է ստել, խելքի՛ աշեցեք։
Ավել հոգսը վնաս կուտա յուր անձին,
Ուրիշի ցավերը առնելով վզին,
Գայլը հոշոտել է մարդացեց մեկին,
Խենթը սև է հագել, խելքի՛ աշեցեք։
Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,
Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին.
Ւրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին,
Էշը մեջ է ընկել, խելքի՛ աշեցեք.
Ժլատն աշխատելու է շատ ընդունակ,
Յուր հացը ուտելու չունի ախորժակ.
Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ,
Ուրիշն է վայելել, խելքի՛ աշեցեք։
Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,
Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.
Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով
Բանտի մեջ է փտել, խելքի՛ աշեցեք։
Մարդ կա գերդաստանը պահում է ցամաք,
Կերթա, դուրսը կուտե մեղր ու սեր, կարագ,
Այլոց համար կանե ձայնով պատարագ,
Իրան ժամ չի անել, խելքի՛ աշեցեք։
Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար
Բնակիչները հայ, մոտ քսան հազար.
Իրանք սնունդ չունին ապրելու համար,
Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։
Ինչ կենդանի ուզե լինել շանսատակ,
Կերթա ու կըմտնի ծանր բեռի տակ.
Նապաստակը առյուծի դեմ համարձակ
Կռիվ է սկսել, խելքի՛ աշեցեք։
Ցորենը մի անգամ լինելով տկար,
Այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար.
Կորեկ հացը իրան կարծելով հարմար
Սեղան է բարձրացել, խելքի՛ աշեցեք։
Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներուն են թողած.
Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած
Բանաստեղծ է դարձել, խելքի՛ աշեցեք։
1883թ.
Աշուղ Ջիվանիի իսկական անունն է՝ Սերոբ Ստեփանի Բենկոյան (նաև Սերովբե Ստեփանի Բենկոյան):
Սերովբե Բենկոյանը ծնվել է 1846 թվականին Ռուսական կայսրության կազմում գտնվող Ջավախքի Կարծախ գյուղում Գասպար Բենկոյենցի ընտանիքում։ Նրա ծնողները ռուս-թուրքական պատերազմի պատճառով Բասենից գաղթել էին Կարծախ։
Նրա ստեղծագործություններից մեր օրերն է հասել մոտ 800 երգ։ Իր խմբով ունեցել է բազմաթիվ երաժշտական շրջագայություններ, հանդես է եկել Ռուսական կայսրության տարբեր վայրերում (ներկայիս Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի քաղաքներում)։
Մասնակցություն է ունեցել նաև հայ ժողովրդի ազատագրական պայքարին, որի համար ենթարկվել է հետապնդումների, նրա ելույթները երբեմն արգելվել են, բռնագրավել են նվագարանը։
Երևանում գործում է Ջիվանու անվան աշուղական արվեստի դպրոց, նրա անունով փողոցներ են կոչվել Երևանում, Գյումրիում և այլուր[2]։
Ուսման, երգի ու երաժշտության հանդեպ սերը նրա մեջ արթնանում է վաղ հասակից։ Նրա ընկեր Ավետիս Պողոսյանը պատմել է
«Մի խումբ պատանիներ Խոզապին լճի ափին անասուններ էինք արածեցնում։ Մեզ հետ էր նաև Սերոբը։ Նա հազվադեպ էր մասնակցում մեր ընկերական խաղերին, շարունակ առանձնանում էր, ցածր ձայնով երգում և հետն էլ ճիպոտի վրա «նվագում»։ Մի օր էլ տեսնենք սա իր հետ բերել է տախտակի մի կտոր և ձիու պոչից քաշած մազ։ – Ինչի՞ համար են դրանք,- հարցնում ենք նրան։ Սա թե՝ սազ եմ շինելու։ Երբ մենք սովորականի պես սկսեցինք մեր խաղը, Սերոբը առանձնացավ։ Կեսօրին տեսնենք «սազը» պատրաստ է։ Նա երգում էր հորեղբայր Մարտիրոսից սովորած մի երգ ու հետն էլ խփում «սազի լարերին»։ Ավա՜ղ, մենք ծիծաղում էինք ու չէինք ենթադրում, որ մեր դիմաց կանգնած է ապագա տաղանդավոր աշուղ Ջիվանին»։
Աշուղական գործունեություն
Աշուղ Ջիվանին հանդես է եկել բազմաթիվ երաժշտական շրջագայություններով Հարավային Կովկասում, Հյուսիսային Կովկասում, Ռուսական կայսրության այլ վայրերում, Արևմտյան Հայաստանի հայաշատ բնակավայրերում։ նա իր աշուղական գործունեության համար հիմնականում ընտրել է Ալեքսանդրապոլ (Գյումրի) և Թիֆլիս քաղաքները։ Ջիվանու ինքնակրթությանը զգալի չափով նպաստում էին նրա լայն կապերը, ծանոթությունները ժամանակի մտավորականության ներկայացուցիչների հետ ինչպես Թիֆլիսում, այնպես էլ՝ Ալեքսանդրապոլում։ Նա իր երգում արծարծել է ժամանակի հայ հասարակությանը հուզող շատ խնդիրներ։
Գյումրի
Շիրակի կենտրոն Ալեքսանդրապոլը (Գյումրին) դառնում է աշուղ Ջիվանու երկրորդ հայրենիքը։ Այն Հարավային Կովկասի հայաշատ քաղաքներից էր։ Երբ Ջիվանին հաստատվում է այնտեղ, քաղաքում գործում էին դպրոցներ, որտեղ ուսուցչություն էին անում հայտնի գրողներ ու հասարակական գործիչներ Ղազարոս Աղայանը, Հայրապետ Ղուկասյանը, Գաբրիել Տեր-Հիվհաննիսյանը (Քաջբերունի), Սարգիս Բեկնազարյանը և այլոք։ Գյումրիում ներկայացումներ էին տրվում, իսկ սրճարաններում տեղի էին ունենում Շիրակի աշուղների ելույթներ ու մրցումներ։
Տեղափոխվելով Ալեքսանդրապոլ՝ նա կարճ ժամանակամիջոցում դառնում է ժամանակի կրթված ու զարգացած մարդկանցից մեկը։ Թիֆլիսից բերել է տալիս նոր լույս տեսած գրքեր, թերթեր։ Ալեքսանդրապոլում նոտագրության դասեր է առնում Հովհաննես անունով երաժշտից, որին երգ է նվիրում։ Գյումրիում աշուղ Ջիվանին հանդես է գալիս համերգներով և իրականացնում ստեղծագործական աշխատանք։
Թիֆլիս
Թիֆլիսում կարճատև գործունեության ընթացքում Ջիվանին հետաքրքրությամբ հետևում էր հասարակական կյանքում հայ ժողովրդի ճակատագրին առնչվող իրադարձություններին, փորձում էր կարդալով գիտելիքներ ձեռք բերել, հարստացնել նաև իր բառապաշարը։
Աշուղների ընկերության նախագահ
1871 թվականին Ջիվանին հանդես է գալիս ինքնուրույն խմբով և աշուղների միջավայրում մեծ հեղինակություն է ձեռք բերում։ Շուտով նրան ընտրում են իր իսկ ստեղծած արհեստակից աշուղների ընկերության (համքարության) կազմակերպության նախագահ՝ վարպետաց վարպետ (ուստաբաշի)։ Պահպանվել են Ջիվանու արհեստավորաց գլուխ (ուստաբաշի) ընտրության վավերագիր արձանագրությունները․
Համախոսական վճիռ 1892 ամի 24-րդ օրն փետրվարի, մենք ներքո ստորագրյալներս ասիական երգիչներս Ալեքսանդրապոլ քաղաքի հավաքվածներս, այսօր ժողովում, մեր արհեստականության մեջ կարգապահություն վերականգնեցելու համար ընտրեցինք մեր միջից արհեստավորների գլխավոր (ուստաբաշի) մեր համաքաղաքացի Սերովբե Ստեփանյան (Լևոնյանին) Ջիվանի և նրա օգնականներ Համբարձում Ադամյանին և Անտոն Անտոնյանցին և մենք պարտավորվում ենք օրենքի բոլոր կանոնների համաձայն հնազանդ գտնվել
– Առ որ ստորագրենք ի. ք. Ալեքսանդրապոլ
Հետևում են 25 ստորագրություն, որոնց մեջ էին հայտնի աշուղներ՝ Մկրտիչ Տալյանը (Ջամալի), Վարշամ Տրդատյանը (Պայծառե), Գրիգոր Տալյանը Շերամ) և Ֆիզահին։ Պահպանվել է արձանագրության նաև ռուսերեն օրինակը։
Ջիվանին «ուստաբաշի» էր ընտրվել նաև ավելի վաղ. մի այլ վավերագիր՝ կազմված 1884 թվականի ապրիլի 18-ին, Ջիվանին ստորագրում է՝ «ուստաբաշի Ջիվանի»։