Փառքի ուղի
Բարձունքը մերն է, տղերքը՝ չկան,
Նրանք ավելի բարձրում մնացին,
Դիպան աստղերին՝ աստղերը հանգան,
Ու մռմուռ քսվեց մեր բաժին հացին ….
Արեգ Ադուրյան՝ խելացի, բազմակողմանի զարգացած, ստեղծարար, անսահման հայրենասեր։ Նա հավատարիմ ընկեր էր, անմնացորդ նվիրվող։ Արեգն այն եզակիներից էր, ով սիրում էր լեռները, գրքերը և գեղեցիկն անմահացնելը։
Արեգ Ադուրյանն այնտեղ էր, ուր կար իր օգնության կարիքը։ ՈՒնենալով ստեղծարար միտք և միևնույն ժամանակ լինելով աշխատասեր, Արեգը հասցնում էր համատեղել ամեն բան։ Սկաուտական խմբում լեռնագնացների և խմբագրական խմբերի ակտիվ անդամ էր՝ լուսանկարիչ, դիզայներ, երբեմն էլ գրող։ Բաց չէր թողնում արշավները, գրական երեկոները և այն բոլոր բարեգործական միջոցառումները, ուր օգնության կարիք կար։ Հասցնում էր նաև հաճախել Փողերախմբի փորձերին և նվագում էր ծնծղա։
Արեգը միևնույն ժամանակ շատ էր սիրում երեխաներին, այդ սերն էլ տարածում էր հանձն առնելով սկաուտական խմբի փոքր անդամների՝ գայլիկների ու արծվիկների, պատասխանատվությունը ստանձնելով։
Արեգ Արտակի Ադուրյանը ծնվել է 2000թ․օգոստոսի 14-ին, Երևան քաղաքում։ Զոհվել է 2020թ․ հոկտեմբերի 19-ին, Այգեհովիտի համար մղվող մարտերում:
Արեգ Ադուրյան․ «Անկախությունն անվճար չէ, այն արժե օրեկան մեկ Զինվոր»․․․
Արեգն ամեն օր ծագող արևն է, ով միշտ ներկա է․․․