
Այսօր Արսենի ծննդյան օրն է
🕊️ ԱՅՍՕՐ ՄԵՐ ՀԵՐՈՍ ԱՐՍԵՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է…
Արսեն Բեգլարյանը (Մամիկոնյանը) ծնվել է 1986 թ․ հոկտեմբերի 15-ին՝ Երևանում։ Նա մեր սկաուտական ընտանիքի անդամն էր, մեր եղբայրը, մեր Սմերտնիկը։
Արսենին ոգեշնչում էր կյանքն իր ամբողջության մեջ։ Նա ուրախանում էր ամեն ինչով և հատկապես՝ ուրիշներին օգնելով։ Սիրում էր ժամանակն անցկացնել ընկերների ու հարազատների հետ։ Նրան ճանաչողները հիշում են որպես ուժեղ, բարի, հավատարիմ ու ընկերասեր մարդու՝ մեկին, ով միշտ պատրաստ էր հասնելու օգնության, խորհուրդ տալու և կողքին լինելու։

Դեռ փոքր տարիքից Արսենը երազում էր դառնալ ամերիկյան զինվորների նման զինվոր։ Նրա երազանքը պարզապես մասնագիտության ընտրություն չէր․ զինվորի կերպարը նրա համար ուժի ու ծառայության խորհրդանիշ էր։
Եվ եկավ մի օր, երբ նրա կյանքի ճանապարհը դարձավ հայրենիքի պաշտպանության ճանապարհը…
2020 թվականի հոկտեմբերի 25-ին Ջաբրայիլի ուղղությամբ մղվող մարտերից հետո Արսենը մասնակցել է նաև Զանգելանի մարտերին։ Գիշերային գործողության ժամանակ նա վիրավորվել է և զոհվել։
Բայց նրա պատմության մեջ կա մի խոսք, որը մինչ օրս ցավով է արձագանքում սրտում…
Հոկտեմբերի 25-ին՝ իր վերջին զրույցի ժամանակ, նա մորն ասել էր.
«Մա՛մ, որ հանկարծ 1 օր չզանգեմ, չմտածես, շատ հոգնած եմ»։
Այսօր Արսենի ծննդյան օրն է։ Այսօր նա պիտի նոր տարիք բոլորեր, լսեր իր հարազատների շնորհավորանքները, ծիծաղեր ընկերների հետ ու մի լավ սկաուտական շնորհավորանք ստանար՝ մերը հատուկ է։ Ցավոք, նրա ծննդյան օրը դարձել է հիշողության, խոնարհումի ու երախտագիտության օր։
Մեզ համար Արսենը միայն իր կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոս չէ։ Նա մեր ընկերն էր, մեր սկաուտ եղբայրը, այն բարի ու հավատարիմ մարդը, ով իր ներկայությամբ հետք է թողել բոլորիս կյանքում։
Այսօր քո անունը հնչում է հպարտությամբ, սրտներումս՝ կարոտով, իսկ հիշատակդ շարունակում է ապրել բոլոր նրանց մեջ, ովքեր ճանաչել ու սիրել են քեզ։
Դու մեր սկաուտական ընտանիքի մի մասն ես եղել և միշտ կմնաս։
🪖Մարտական գործողություններին մասնակցություն`
Քառօրյա պատերազմ (2016) ,
Քառասունչորսօրյա պատերազմ (2020)
Հավերժ փառք ու խոնարհում⚜️Հավերժ հիշատակդ վառ, եղբա՛յր։🕊️
Հրապարակումն ընթերցվել է 4 անգամ:
Tag:Artsakh, War, հայ սկաուտ



