Վաշտապետի ուղերձը նոր երդված սկաուտներին
Կիրակի օրը` 26/11/2023թ.-ին, տեղի ունեցավ մեր Սկաուտական Խմբի հերթական երդմնակալության արարողությունը:
2008թ.-ից, մեր խմբում 1200-ից ավել սկաուտներ տվել են սկաուտական երդում` երդվելով հավատարիմ լինել միայն Աստծուն, Ազգին և Հայրենիքին: Ոչ մի կազմակերպության կամ կուսակցության երբեք չենք երդվել և չենք երդվելու:
Վերջին տարիներին շատ դժվարությունների հանդիպեցինք` լուծարվեցինք, վերաձևակերպվեցինք, վերանվանվեցինք, և վերականգնեցինք մեր հզոր խումբը` շարունակելով իր բազմամյա ժառանգությունն ու պատմությունը:
Սկաուտությունն ունեցած գույքով չէ, և ոչ էլ սկաուտական վրանով կամ այլ ապրանքով: Սկաուտությունն խմբով և իր խմբապետներով է` խմբապետներով և ոչ թե ղեկավարներով: Խմբապետը այն անձն է, ով միշտ խմբին հետ է: Նա հավասար իր խմբի անդամներին գիեշերում է նույն վրաններում, արշավում նույն ճանապարհով, սկաուտին հավասար բարձրանում է և նվաճում է լեռների գագաթները, սկաուտին հավասար ցեխոտված շորերով է վերադառնում տուն, սկաուտին օրինակ է ծառայում` իր վարքով, իր բարձրագույն կրթությամբ, իր մարդ տեսակով, և ամենակարևորը, իր սկաուտական գիտելիքով ու փորձառությամբ:
Այդ նպատակով, ամեն տարի` երդման արարողության ժամանակ, որպես խմբապետ, նայում եմ սկաուտներիս և հպարտանում եմ, երբ նրանց մեջ տեսնում եմ սերմացված նպատակասլացությունը, նվիրվածությունը և անխնա ծառայությունը` հանուն Աստծուն, Ազգին և Հայրենիքին, և ոչ թե հանուն ինչ որ կազմակերպության, կուսակցության և կամ մեկիսեփական շահերի:
Ի սրտե շնորհավորում եմ բոլոր նոր երդված սկաուտներին, արենուշներին, գայլիկներին և արծվիկներին, և մաղթում եմ ձեզ լավագույն սկաուտական կյանք, և խոստանում եմ անել ամեն ինչ, որ մեր խումբը միշտ մնա լավագույնը՝ ծրագրերով, գիտելիքներով և որակով:
Հատուկ շնորակալ եմ, բոլոր այն հին սկաուտներին, ովքեր 2008թ.-ից շարունակ մնացին հավատարիմ իրենց երդմանը, և ամենադժվար օրերին մնացին մեր խմբի կողքին, և իրենց նվիրվածության շնորհիվ, այսօր նոր անդամներ կարողանում են այսուհետ կոչվել նոր Սկաուտներ:
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք –
Մեզ ԱՐԱԼԵԶի Սկաուտ են ասում։
Եվ ինչո՞ւ պիտի չհպարտանանք…
Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ – շատանա՜նք:
Շողա՜ Հավերժ, ԱՐԱԼԵԶ
Մեր խմբի հոգևոր հայրը՝ Հայր Սուրբ Մաղաքիան, մեր խմբի մասին՝
Հարգանքով՝
ԱՐԱԼԵԶ Հայաստանի Սկաուտական Խմբի Վաշտապետ՝ Սարօ Թաթյոս
Tag:Արալեզ, հայ սկաուտ