
Խուսափիր մոլորվելուց
Ես հաճախում եմ «Արալեզ» սկաուտական խումբ։ Իմ ամենասիրելի ծրագիրը սկաուտական ճամբարն է ⚜, որը մենք անվանում ենք բանակում։ Գնում ենք Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր, ուսումնասիրում դրանք, արշավներ կազմակերպում, խաղեր խաղում, միասին ժամանակ անց կացնում, երեկոյան խարույկի շուրջ հավաքվում և երգում կամ զրուցում։ Գիշերը հանգստանում ենք մեր իսկ պատրաստած կացարաններում՝ վրաններում 🏕️։
Այս ամենի նպատակը բնության հետ շփվելն է, դիմացկունություն ձեռք բերելն է, գոյատևումն է, միասնականությունը և հայրենասիրությունը զարգացնելն է, ազգային մշակույթը ճանաչելն ու պահպանելն է։ Փոքր տարիքից կոփվում ենք, սկսում ենք ճանաչել մեր ինքնությունը:

Այստեղ մեծ դեր է խաղում նաև ֆիզիկական պատրաստվածությունը։ Ամեն առավոտ մարմնամարզություն ենք անում, որի միջոցով կոփվում ենք։ Բացի կոփվելուց շատ կարևոր է նախաձեռնողականությունը և կազմակերպված լինելը։ Հաճախ կազմակերպվում են մեդիա հավաքներ և տարբեր առիթներ, միջոցառումներ, տոներ այդ ունակությունները զարգացնելու համար։ Այցելում ենք տարբեր մանկատներ, ծերանոցներ, որպեսզի ուրախացնենք այնտեղի բնակիչներին։ Այս կերպ էլ դրսևորվում է սկաուտական բարեգործությունը և ջանասիրությունը։

Սկաուտական բանակումները սովորաբար անց են կացվում Հայաստանի մարզերում։ Նույնիսկ ճանապարհին ժամանակը չենք վատնում և ձանձրանում, քանի որ ժողովրդական երգերը միշտ բարձրացնում են տրամադրությունը։
Ոչ միայն փոքրիկներն են սիրում սկաուտական բանակումների երեկոները, երբ հավաքվում ենք բոցկլտացող խարույկի շուրջ։ Այդ ժամանակ հաճելի է երգել ժողովրդական երգեր կամ զրուցել։ Նախաճաշը, ճաշը և ընթրիքը երբեմն պատրաստում են սկաուտները և ձեռք բերում նաև խոհարարական հմտություններ։
Սկաուտությունը մասնագիտություն, սահմանափակ դասընթաց կամ զբաղմունք չէ, այն բարեգործության, դիմացկունության, կոփվածության, կազմակերպվածության և այլ հատկանիշների համակցություն է, ինչպես նաև սովորեցնում է ընդունել և′ հաղթանակը, և′ պարտությունը։
Լիա Դավթյան՝ 12 տարեկան
Հրապարակումն ընթերցվել է 2 անգամ:



