Համո Սահյան
Քեզանով է պայթել հունդը մեր գոյության,
Քեզանով ենք դարձել տուն ու երկիր,
Շառաչել ես դու հին հողում Արարատյան
Մինչև հնչյունը քո դարձել է գիր։
Դու ոգին ես եղել մեր եղեգան փողի,
Ոգու կանչն ես եղել մեր պայքարող…
Կարող Էինք ապրել անգամ առանց հողի,
Բայց առանց քեզ ապրել չէինք կարող։
Համո Սահյանը՝ ի ծնե Հմայակ Սահակի Գրիգորյանը, ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ Նա անձամբ չէր տեսել Ակսել Բակունցին։1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Աշխատել է Սիսիանի շրջանային թերթում (1937-1938), Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում (1938-1941) որպես գրական աշխատող։ Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Ստեփան Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Զորյանի ուշադրությանը Սահյանը պատասխանել է ձոն-նվիրումով, որում եղել են այսպիսի տողեր.
«Դուք հոր նման խիստ եք եղել,
Ու հոր նման ներող,
Ձեր խորհուրդը խորն է եղել
Ու խրատը՝ գերող»…
Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն։ Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության։ Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից։ Սահյանի բանաստեղծություններում անձինք են համարվում անձրևը, ծառը, կայծակը, գետը, լիճը և այլն։
Tag:բանաստեղծ, ծննունդներ, հայ գրողներ