Եղիշե Չարենց
«Ես արդեն անցել եմ ճանապարհը
Երկրային բոլո՜ր հույզերի»…
Եղիշե Չարենցը՝ Եղիշե Աբգարի Սողոմոնյանը, ծնվել է 1897թ. մարտի 13-ին,Կարսում: «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Իրանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալով պատճառով։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան». նա արդեն հանդես էր գալիս «Չարենց» գրական ազգանվամբ։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան…
«Տունս դաշտում հեռու սպասում է հիմա:
Շուրջը մութ է ու մուժ — կարմիր մշուշ ու մահ:
Տունս թողած հեռուն, թողած խոնջենք ու սեր —
Ես գնում եմ դեպի մահացում ու գիշեր:
Բայց կարոտս հիմա — հրափթիթ մի վարդ —
Բռնկվել է միգում ու վառվում է զվարթ:
Ու վառվում է հոգիս տառապանքով անուշ,
Տունս թողած հեռուն, որպես ցնդած մի հուշ»: