Աշնանային արշավ
Երևանի աշնանային գեղեցկությունը վայելելու և Երևանում տարբերվող վայրերին ծանոթանալու համար հոկտեմբերի 24-ին մեր փոքրիկներն արշավեցին Երևանի մանկական երկաթուղի, որին քաղաքի կենտրոնի հետ կապում են երկու թունելները։ Ալեքսանդր Թամանյանը համարում էր, որ Հրազդանի կիրճն իր բնությամբ պետք է ծառայեր որպես հանգստի գոտի։
Գայլիկներն ու արծվիկներն անցկացրեցին տպավորիչ և շատ գեղեցիկ աշնանային օր՝ միևնույն ժամանակ ծանոթանալով երկաթուղու կառուցման պատմությանը։
Երևանում մանկական երկաթուղի ստեղծելու գաղափարը 1935 թվականին առաջ են քաշել Հայաստանի երկաթուղային տրանսպորտի նախարար Բաբկեն Ամատունին և ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը։ 1935 թվականին ԽՍՀՄ պետպլանի կողմից Երևանի մանկական երկաթգծի կառուցումը մտել է 1936 թվականի տարեկան ծրագրի մեջ։ 1936 թվականի ապրիլի 22-ին՝ համամիութենական շաբաթօրյակի ժամանակ, Աբովյանի անվան քաղաքային այգում Աղասի Խանջյանն ու Բաբկեն Ամատունին տեղադրել են այն հիմնաքարը, որի վրա կառուցվել է «Փարոս» կայարանը և որը հետագայում վերանվանվել է «Հայրենիք» կայարան։
Նախատեսված էր մանկական երկաթուղին շահագործման հանձնել 1937 թվականի նոյեմբերի 7-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակի օրը, սակայն այն պաշտոնապես բացվել է ավելի շուտ՝ 1937 թվականի հուլիսի 6-ին Հայաստանի երկաթուղային տրանսպորտի նախարար Բաբկեն Ամատունու ջանքերի շնորհիվ։
Մանկական երկաթուղու այգու գլխավոր ճարտարապետը Միքայել Մազմանյանն է։ Երկաթուղային կայարանի նախկին շենքը կառուցված է եղել փայտից` նույնպես Միքայել Մազմանյանի նախագծով։