
Ծաղկահավաք 2025
Մինչ 2010 թ․, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկները վառվում էին աղբանոցում։ 10 տարուց ավել է ապրիլի 26-ին կամ 27-ին կազմակերպում ենք Ծաղկահավաքը, որը շարունակում ենք կյանքի կոչել սկաուտներս՝ առանց որևէ շահ հետապնդելու։
Ծրագրի ընթացքում ավելի քան հազարավոր կամավորներ և աշակերտներ են մասնակցում Ծաղկահավաքին՝ հավաքելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկները, դրանց ցողունն անջատում են ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար:
Այս տարի Ծաղկահավաքը տեղի ունեցավ ապրիլի 26-ին, որին մասնակցեցին հազարավոր կամավորներ։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակից ուսումնական հաստատութհուններին, կազմակերպություններին և անհատներին։ Ծաղկահավաքը չի վերջանում այդ 1 օրով, այլ այն ընթանում է ողջ տարի` ըստ որի կազմակերպում ենք վերամշակման վարպետաց դասեր և 2-րդ կյանք ենք տալիս ծաղկաթերթիկներին՝ թղթի կամ մոմի տեսքով։ Վերամշակված թղթերն էլ դառնում են ցեղասպանությունը պատմող «դեսպաններ»։
Արդեն 3 տարի է ՀՀ ամենամեծ էկոծրագրին աջակցում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը` մնացած ծաղիկներն ու ցողունները պարարտանյութ դարձնելով, որի համար անչափ շնորհակալ ենք ողջ աշխատակազմին: Նշեմ նրանք աջակցում են՝ աշխատելով իրենց ոչ աշխատանքային օրերին և ժամերին։
Մինչ 2013թ․, սկաուտներս որպես կամավոր էինք մասնակցում Ծաղկահավաքին, որն իրականացնում էր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ Կազմակերպիչները նկատելով սկաուտներիս համակարգված և սրտացավ աշխատանքը, ծրագիրն ամբողջությամբ վստահեցին սկաուտական խմբի ընդհանուր պատասխանատու ատենապետ, ԱՐԱԼԵԶ ՀԿ-ի նախագահ Սարօ Թաթյոսին, ում գլխավորությամբ և հովանավորությամբ իրականացնում ենք ծրագիրը մինչ այսօր։ Նշեմ, որ 2014թ․-ից ողջ կազմակերպչական աշխատանքները համակարգվում են սկաուտներիս կողմից, մինչ 2014 թ․ ծաղկաթերթերը 2-րդ կյանք էին ստանում միայն թղթի տեսքով, սկաուտներս 2-րդ կյանք տվեցինք նաև մոմի տեսքով։
Նշեմ, որ Ծաղկահավաք ծրագրի շրջանակներում կազմակերպվում են թղթի վերամշակման վարպետաց դասեր, որոնք իրականացնում ենք սկաուտներս։
Ծաղկահավաքին՝ բացի աշակերտներից և ուսանողներից, մասնակցում են նաև տարբեր ընկերություններ, կազմակերպություններ, դեսպաններ և անհատներ։
Սկաուտներս՝ հաճախ մոտ լինելով բնությանը, կարևորում ենք բնապահպանական ծրագրերը։ Ծաղկահավաք ծրագիրը, ոչ միայն Ցեղասպանությունը պատմող ծրագիր է, այլ այն կարելի է ասել ամենամեծ էկո ծրագիրն է ՀՀ-ում, որն իրականանում է առանց որևէ շահ հետապնդելու։
Կամավորների աշխատանքի և սկաուտներիս ողջ տարի ծրագիրը կյանքի կոչելու պատրաստակամության շնորհիվ է իրականանում Ծաղկահավաքը։
Հրապարակումն ընթերցվել է 9 անգամ:
Tag:FGE 2025, Scout, Scouting, Արալեզ, Ծաղկահավաք, հայ սկաուտ, սկաուտ