
Առաջնորդական սեմինար
2025թ․ հունվարի 10-ից մեկնարկվել է առաջնորդության սեմինարը՝ եռօրյա տեսական դասընթացով, որի քննությունը հաջողությամբ հանձնած սկաուտները շարունակելու են գործնական դասընթացը՝ հաղթահարելով իրենց առջև դրված իրական մարտահրավերները։ 2008թ.-ից ի վեր, Արալեզի սկաուտական խումբը պատրաստում է առաջնորդներ՝ տարիների ընթացքում փորձված հատուկ ծրագրով, որը կազմում և անցկացնում է մեր խմբի հիմնադիր և գոյությունը ապահովող վաշտապետ Սարօ Թաթյոսը, ում անչափ շնորհակալ ենք՝ մշտապես իր գիտելիքով և փորձով կիսվելու համար։
Առաջնորդության սեմինարի մասնակիցները ձեռք են բերում իրական փորձ, հմտություններ, որոնք կիրառելու են իրենց ողջ կյանքի ընթացքում՝ տնտեսությունում, աշխատանքի վայրում, կենցաղում, ծառայության մեջ և այլուր։

Յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել մեր խմբի մշակած և փորձված ծրագրին, որի շնորհիվ էլ կարող է դառնալ առաջնորդ: Տարիների ընթացքում մեր սկաուտական խումբը պատրաստել է 1200-ից ավել առաջնորդներ, ովքեր սկաուտական և քաղաքացիական կյանքում ստանձնել են բազմաթիվ ղեկավար պաշտոններ, և ոմանք էլ ստեղծել են սեփական բիզնեսները: Ամենակարևորը, որ մեր խմբի առաջնորդ տղաները, զինված ուժերում պարտադիր ծառայության ընթացքում բոլորը զորացրվել են` մինիմում սերժանտի կոչումով, շնորհակալագրերով և պատվոգրերով: Այսպիսով, մեր խմբի առաջնորդության հատուկ մշակված ծրագիրը փորձված է, և արդյունքները շոշափելի:
Առաջնորդական սեմինարին՝ դասընթացքին, կարող են միանալ սկաուտական խմբի անդամները, իսկ անհատների դեպքում, սկաուտական խմբին միանալը պարտադիր է` ելնելով այն հանգամանքից, որ առաջնորդական հմտությունների ձեռքբերումը սկաուտական խումբն իրականացնում է մեկ տարի գործնական հատուկ վարժություններով:
Հաջողություն ենք մաղթում սեմինարի բոլոր մասնակիցներին՝ մաղթելով նրանց խոհեմություն, ջանասիրություն և անշահախնդիր կապ միմյանց հետ։

Նշենք, որ սեմինարի մասնակիցները բաժանվել են թիմերի, ստանձնել են ամենամսյա ծրագրերի կազմակերպման աշխատանքները և որոշել ողջ տարվա ծրագիրը՝ 12-16 տարեկանների համար։ Մասնակիցները ամբողջական տեսքի պետք է բերեն ծրագրերը՝ ներկայացնելով դրանք առցանց ըստ պահանջվածի, որում նկարագրվում է նաև անհրաժեշտ բյուջեն, ծրագրի նպատակը և այլն։
Հրապարակումն ընթերցվել է 50 անգամ:
Tag:Scouts, Արալեզ, հայ սկաուտ, սկաուտ