ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԳԵՏՆԱՓՈՐ(Ձեռակերտ քարանձավ)
Հունիսի 16-ին, մեր սկաուտական խմբի միջնեկները՝ գայլիկներն ու արծվիկները, այցելեցին Վարպետ Լևոնի քարանձավ-թանգարան, որը փորել և հայտնաբերել է Լևոն Առաքելյանը՝ Առինջ գյուղում: Գետնափոր թանգարանի խորությունը 21 մետր է: Քարանձավն ունի 7 սենյակ, որոնք միացված են միջանցքներով ու աստիճաններով: Քարանձավի մակերեսը 280 քառակուսի մետր է. այն տարածվում է տան, բակի տակ:
Վարպետ Լևոնի սկզբունքն է եղել աշխատել միայն հատիչով և մուրճով։ Չնայած հողի կոշտությանն ու աշխատանքի բարդությանը, վարպետը դեմ է եղել ցանկացած էլեկտրական գործիքի, մերժել տեխնիկա տրամադրելու առաջարկները։ Լևոնը գետնափորը փորել է շուրջ 23 տարի, աշխատել գրեթե ամեն օր առանց հանգստի։
Հասնելուն պես նրանց դիմավորեցին Վարպետ Լևոնի դստրերը, ովքեր շատ բարեհամբույր հրավիրեցին ներս և ուղեկցեցին դեպի գետնափոր քարանձավը։ Երեխաները շատ ու շատ հարցեր էին տալիս, այնքան շատ, որ անգամ Վարպետի աղջիկները չէին հասցնում պատասխանել։ Եվ այդ ամենի զարմանքը այն էր, որ ասես լինեին լաբիրինթոսում՝ մեկ կողմից մտնում էին, մյուս կողմից դուրս էին գալիս և այդպես շարունակ։ Երբ դուրս եկան քարանձավից, Վարպետի աղջիկը մեզ ուղեկցեց դեպի ընդհանուր սրահ, որտեղ էլ գայլիկներն ու արծվիկները ծանոթացան այն բոլոր իրերին և գործիքների, որոնցով վարպետը արարել էր այդ քարանձավը։ Հետո նրանք ուսումնասիրեցին քարտեզի վրա այն բոլոր երկրներն ու քաղաքները, որտեղից այցելել, տեսել և նկարահանել էին այդ հրաշք քարանձավը։ ՈՒշագրավ էր, որ ըստ Վարպետի աղջկա պատմելու, երբ Գերմանիայից ժամանակակից տեխնիկա են առաջարկել Վարպետին, նա հրաժարվել է, վստահ լինելով, որ Աստված իրեն ուժ կտա փորել քարանձավը, դե էլ ինչ էր մնում գերմանացիներին, եթե ոչ նրան տրամադրել ձեռքի նոր գործիքներ, որոնք նույնպես ցուցադրված են թանգարանում:
Գայլիկներն ու արծվիկները մեծ հետաքրքրությամբ և հիացմունքով դիտեցին նաև Վարպետի աղջիկների և թոռների ձեռագործ աշխատանքները։ Հետո Վարպետի աղջիկները մեզ ուղեկցեցին Վարպետի կնոջ` տիկին Տոսյայի, մոտ, որի հետ մենք ծանոթացանք և միանգամից մտերմացանք։ Այնուհետև երեխաները սկսեցին ուսումնասիրել այգու բերքն ու բարիքները։ Տիկին Տոսյան պահում էր մի գեղեցիկ շնիկ, որի հետ էլ երեխաները մտերմացան և սկսեցին խաղալ։ Այնքան ուրախ էին երեխաները, որ այցելեցին քարանձավ և ծանոթացան այդ ամենին, բայց դրանով նրանց օրը չվերջացավ։
Բարին մաղթելով, գայլիկներն ու արծվիկները հրաժեշտ տվեցին Վարպետ Լևոնի ընտանիքին և շարժվեցին դեպի Սուրբ Հովհաննես եկեղեցի, որի ճանապարին այցելեցին 2 մատուռ և առ Աստված աղոթք հղեցին: Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցված է Կոտայքի մարզի Առինջ գյուղում և գտնվում է գյուղի հին մասի կենտրոնում՝ ծովի մակերևույթից 1305 մ բարձրության վրա։
Եկեղեցու մասին տեղեկություններն առաջին անգամ հիշատակվել են 1839 թվականին, երբ առաջին անգամ գյուղում Սուրբ Աստվածածին անվամբ ծխական եկեղեցի է հիշվում. «… եկեղեցին յանուն սուրբ Աստուածածնի»։ Նույն անվամբ եկեղեցին հիշվում է նաև 1842 թվականին…
Հագեցած օրն ավարտվեց սկաուտներիս տանը՝ Արալեզ կնետրոնում, ուր գայլիկներն ու արծվիկները ճաշեցին, ապա քննարկեցին անցկացրած օրը և փորձեցին հագեցած օրը պատկերել թղթի վրա:
Շնորհակալություն ենք հայտնում «Թաթիոսա» ընկերությանը և Հովնանյան ընտանիքին մեր խմբին աջակցելու՝ Սկաուտական խմբի ծրագրերը հովանավորելու, համար:
Հեղինակ՝ Քրիստինե Մինասյան
Հրապարակումն ընթերցվել է 130 անգամ:
Tag:Scout, Scouts, հայ սկաուտ, քարանձավ
1 կարծիք
I blog frequently and I really thank you for your information. This great article has really peaked my interest.
I will take a note of your site and keep checking for new information about once per week.
I opted in for your RSS feed as well.
Yours in Scouting
Michell from France