Ինչպե՞ս հաղթահարել լեռները
Սկաուտական խմբում ամեն ամիս կազմակերպվում են արշավներ և լեռնագնացություններ, որոնց հաղթահարելը միշտ չէ, որ հեշտ է լինում: Տարիների ընթացքում կազմակերպել և մասնակցել եմ 50-ից ավել արշավների՝ նվաճելով բազմաթիվ լեռների գագաթներ: Հաճախ նույն լեռը բարձրացել եմ մի քանի անգամ, այնպես չէ, որ ֆիզիկական պատրաստվածությունս գերազանց է, այլ նպատակասլացությունն է, որ միշտ ինձ օգնել է նվաճել գագաթները:
Այս հրապարակումով, ցանկանում եմ ուղեցույց տրամադրել քեզ՝ սիրելի՛ սկաուտ, թե ինչպես կարող ես հաղթահարել արշավների դժվարություններն ու նվաճել գագաթները:
Ա) Նպատակասլացություն
Առաջին գործոնը, որը ցանկանում եմ շեշտել դա նպատակասլացությունն է, քանի որ յուրաքանչյուր արշավ ունի սկզբնակետ և վերջնակետ, իսկ դու պետք է լինես միշտ նպատակասլաց, այսինքն, պետք է սահմանես քո համար նպատակ, որին պետք է հասնես ցանկացած իրավիճակի դեպքում, և դու ինքդ քեզ պետք է ներշնչես, որ կարող ես՝ խոստանում եմ, գագաթ հասնելուն պես բոլոր ցավերն ու հոգնածությունը մոռանալու ես:
Բ) Հոգեբանություն
Ցանկանցած դժվարություն հաղթահարելու համար նախ պետք է դա հաղթահարել մտքում, նոր իրականում, եթե ճանապարհին քեզ ներշնչես, որ դժվար է, չես կարողանում, խելքդ այդ մտքերը դարձնելու է իրականություն, և մարմնիդ վրա զգալու ես դա, բայց եթե համոզես ինքդ քեզ, որ չկա որևէ մի բան աշխարհում, որ դու չես կարող անել, ապա հավաստիացնում եմ, մարմինդ արտացոլելու է այն, ինչը որը մտքումդ է:
Տարիների ընթացքում նկատել եմ, որ երբ մի սկաուտ ինչ-որ պատճառով չի կարողանում շարունակել արշավը, և հետ է վերադառնում, մի քանի սկաուտ միշտ նրան միանում են, իմ խորհուրդն է քեզ, եթե տեսնես թե ինչ-որ մեկը հանձնվում է, մի տրվիր գայթակղության և մի հանձնվիր, այլ խորը շունչ քաշիր՝ նայելով անցած ճանապարհիդ, այդ ժամանակ կհասկանաս, թե ինչքան ես հաղթահարել, և ինչքան է մնացել:
Մի փոքր գաղտնիք ասեմ, երբ սկաուտները նայում են հեռվում երևացող գագաթին, միշտ ասում են. «դեռ այդքան պետք է քայլե՞նք», և մի անգամից երեսների վրա նկատվում է հանձնվելու նշույլները, իմ խորհուրդն է քեզ, մի նայի գագաթին, այլ նայի ոտքերիդ՝ մոտիկ ճանապարհին, ինչպես ասում են օրը օրով պետք է ապրես, իսկ լեռներ բարձրանալը՝ քայլ առ քայլ:
Գ) Առաջնորդություն
Հաճախ կարող եմ հիշատակել դեպքեր, երբ ֆիզիկական առողջությունս ինձ նեղել է լեռներ բարձրանալուց, բայց երբ նայել եմ, որ խումբն իմ հետևից մի շարքով քայլում է, լցվում եմ պատասխանատվության գիտակցությամբ, որովհետև առաջնորդը միշտ պետք է օրինակ ծառայի իր ենթականերին, և սկաուտների պատճառով, 17 տարի Հայաստանում բարձրացել եմ անթիվ լեռներ, քայլել եմ անհաշվելի կմ-ներ:
Դու նույնպես, սկաուտը տարբերվում է սովորական մարդկանցից իր առաջնորդությամբ՝ լիդերությամբ, դա չի նշանակում, որ հրամանատար պետք է լինես և պետք է պատասխանատվության գիտակություն ունենաս, և շրջապատումդ ներշնչես ինքնավստահություն և լիդերություն:
Արշավի ժամանակ միշտ քեզանից ավելի փոքր սկաուտ լինելու է, ով քեզանից է օրինակ վերցնելու, նայիր այդ սկաուտին, և առաջնորդին նրան հաղթահարելու ճանապարհը:
Դ) Ֆիզիկական Պատրաստվածություն
Սկաուտականում ակտիվ ծրագրերը նպաստելու են քո ֆիզիկական պատրաստվածությանն ու առողջությանը, բայց ամիսը 8 օր կարող է բավարար չլինի, իմ խորհուրդն է քեզ, արշավներից մեկ շաբաթ առաջ, աշխատիր հնարավորինս չափ քայլել, օրինակ, եթե նախատեսվող արշավի ընթացքում քայլելու ես 15 կմ, ապա ամեն օր աշխատի 10 կմ քայլել, բայց արշավից մի օր առաջ հանգստացի: Ես այս նույն խորհուրդով եմ առաջնորդվում, յուրաքանչյուր օր քայլում եմ 10-ից 15կմ, իսկ արշավներից մեկ օր առաջ հանգստանում եմ:
Ե) Հանդերձանք և սնունդ
Արշավի ընթացքում կրածդ հանդերձանքը կարող է կամ օգնել կամ խանգարել. յուրաքանչյուր արշավից առաջ, խումբը հայտարարում է անհրաժեշտ պարագաներից ցանկ, կարևորը հիշիր, որ պայուսակդ շատ մի ծանրաբեռնիր ավելորդ անիմաստ ապրանքներով, քո հետ միայն ունեցիր անհրաժեշտ պարագաները, որոնք նախատեսված են արտակարգ իրավիճակների դեպքերի համար, և առաջնորդվիր Սկաուտի նշանաբանով՝ Միշտ Պատրաստ:
Ցանկանում եմ քեզ ծանոթացնել Սկաուտ Արա Խաչադուրյանին, ով կարողացավ հաղթահարել աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը:
Արա Խաչադուրյանը հայտնի է իր հայրենապահպանման, հայրենասիրական, մարդասիրական գործունեությամբ, ով ոչ մի դեպքում առիթը բաց չի թողել աշխարհին պատմել հայոց ցեղասպանության մասին և կոչեր արել աշխարհի խաղաղության…
Արա Խաչադուրյանը՝ բազմաթիվ գագաթներ նվաճելուց հետո, նպատակ է դնում իր առջև՝ 2015 թվականի ապրիլին բարձրանալ Էվերեստ և գագաթին դնել եռագույնը ի հիշատակ եղեռնի զոհերին… սակայն 2015 թ. ապրիլին Նեպալի երկրաշարժը պատճառ դարձավ, որ նա Էվերեստի գագաթը նվաճի 2016թ մայիսին (երկրաշարժի պատճառով բազմաթիվ զոհեր եղավ, Արա Խաչադուրյանը հրաշքով ողջ մնացածներից է: Արա Խաչադուրյանը այդ խառը պահին էլ ուղիղ եթերում պատմելով տեղի իրավիճակի մասին, առիթը բաց չի թողել աշխարհին ևս մեկ անգամ պատմել հայոց ցեղասպանության մասին):
2016 թվականին Արա Խաչատուրյանի բարձրագույն նպատակներից մեկը դարձավ իրականություն: 50 օր դժվարին պայմաններին դիմանալով նա եռագույնը ծածանեց Էվերեստի գագաթին: Նրա հետ էր 5 մեքսիկացի և 1 արգենտինացի: Նրանք Էվերեստը բարձրացան Չինական կողմով, որը ի համեմատ Նեպալի կողմով, ավելի բարդ է… Նրանք եղանակի շատ վատ պայմանների պատճառով մնացել են 5 օր 5200 մ բարձրության վրա, ունենալով հեռախոսազանգ, Արա Խաչադուրյանը զրուցակցին ասել է, որ մայիսի 17-ն է, ժամը առավոտյան 6:30, ձյուն, փոթորիկ… (6850 մ բարձրության վրա իր վրանից շատ գեղեցիկ լուսանկար է արել Արա Խաչադուրյանը` Էվերեստի գագաթը… 7900մ բարձրությունից Արա Խաչադուրյանը արդեն բարձրացել է … 8300մ բարձրության վրա ժ. 8:00 զանգ է կատարել, և հայտնել, որ հասնում է գագաթին… վերջին 500 մ նրանք հաղթահարել են 12 ժամում: Գագաթին հասել են միայն Արա Խաչադուրյանը և մեքսիկացի օգնականը, մնացածը ցավոք չեն կարողացել հաղթահարել դժվարությունները)… Արևածագին հասել են գագաթ, վեհ նպատակը կատարված էր…
Սկաուտների համար մեծ հպարտություն էր լսել իրենց ավագ եղբոր իրականացրած վեհ գաղափարի պատմությունը։ Արա Խաչադուրյանը տիպար դարձավ բոլորի համար՝ վարակելով իր կամքի ուժով… Ինչպես նաև, հանդիպումից շատ բան սովորեցին սկաուտները՝ ի շնորհիվ տրված հարցերի ու անկեղծ պատասխանների…հպարտությամբ ու գիտելիքով լի հանդիպում էր բոլոր ներկաների համար (Արա Խաչադուրյանին ուղված հարցերից մեկի պատասխանում, նա նշեց, որ Էվերեստ բարձրանալու համար ամեն օր մոտ 6 ժամ ֆիզիկական պատրաստվածություն է ունեցել իրեն ենթարկելով բազմաթիվ չարչարանքների)…
Հանդիպման վերջում հուզիչ տեսարան էր և՛ մեր խմբի, և՛ Արայի համար, երբ Սկաուտական խմբի Ատենապետ-Վաշտապետ Սարօն նրա վիզն անցկացրեց սկաուտկան փողկապը, որը մեծ պատիվ է բոլորիս համար… Խումբն էլ նվեր ստացավ Արա Խարաչուրյանի մակագրությամ շապիկը և նկարը, որը արվել էր Էվերեստի գագաթին՝ եռագույնը դնելիս…
Հրապարակումն ընթերցվել է 110 անգամ: