Մարտ 2024
Ինչպե՞ս անցավ մեր մարտ ամիսը
Սկաուտական խմբի խմբագրական խմբի անդամներս հետևում ենք խմբի ողջ գործունեությանը և լուսաբանում այն՝ շուտով կհրապարակենք նաև թերթի տեսքով
Մարտ 3 | Ակտիվ կիրակի
Մարտի 1-ին կիրակին գարնան պես գունեղ էր: Ինչպես գիտեք, մեր սկաուտական կիրակնօրյա օրակարգը կազմվում է ըստ մեր տարիքային խմբերի նախասիրությունների: ⚜️ 4-6 տարեկանները` Կորյունները, այսօր հետաքրքիր ստեղծագործական օր անցկացրեցին: Ձեռային աշխատանք կատարելուց հետո աշխույժ խաղացին բակում, ապա ուշադրություն և կողմնորոշվելու ունակություն զարգացնող փոքրիկ խաղերով ուրախ ժամանակ անցկացրեցին: ⚜️7-11 տարեկանները` գայլիկներն ու արծվիկները, ունեցան շատ հետաքրքիր ուր: Նրանք հայտնվել էին իրենց երազած քաղաքում, ուր մագլցում էին պատերին և դուրս գալիս պարանե լաբիրինթոսի մեջից: Նրանք նման հայտագրից շատ ոգևորված և տպավորված էին: ⚜️ 12-17 տարեկանները` սկաուտներն ու արենուշները, օրը սկսեցին նվիրված մեր Սպարապետին, քանի որ մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի տարեդարձն է: Սկաուտներս ծանոթացանք նրա կենսագրությանը, ապա ստացանք հանձնարարություն, որ մինչև մարտի 5-ը բացահայտենք նրա մասին հետաքրքրիր տեղեկություն և հրապարակենք մեր սկաուտական կայքում: Օրը հետաքրքիր և զարգացնող էր սկաուտական տարիքային բոլոր խմբերի համար
Մարտ 10
Փոքրիկ խոհարարներն ու ստեղծարարները
Մարտի 10-ին գայլիկներն ու արծվիկները դարձել էին խոհարարներ։ Մինչ ընթանում էր խոհարարական մրցույթը, նրանցից ավելի փոքրերը՝ կորյունները, պատրաստում էին բացիկներ իրենց մայրիկների համար։ Համեղ աղցանները պատրաստ էին, որոնք ճաշակելուց հետո երեխաներն անցան ուրախ խաղերին։
Արշավ դեպի Սպիտակավոր
Սկաուտները փայտյա զենքերով և ծանր ուսապարկերով ամբողջ ճանապարհի դժվարությունները հաղթահարելով, առանց դժգոհելու կամ բողոքելու շարժվում էին առաջ, քանի որ գիտակցում էինք, որ Լեռնահայաստանի զորավարը՝ Գարեգին Նժդեհը, անցել էր ու հաղթահարել էր անհնար հաղթահարելի թվացող դժվարություններ, իսկ այժմ՝ գուցե երկնքից, մեզ է հետևում:
Նոր Սկաուտական Գերագույն Մարմին
Սկաուտական խմբի գերագույն մարմնի ղեկավարի երդմնակալության արարողությունը՝ Դրոշի հերթափոխության արարողությունը տեղի ունեցավ Սպիտակավոր Վանքում՝ Գարեգին Նժդեհի շիրիմի մոտ, որտեղ նորընտիր ղեակավար Մանվել Կիրակոսյանը երդվեց․
Վաշտապետ Սարօ Թաթյոսն ընդունեց երդումը և ընկեր Մանվելն ազատեց Վաշտապետին 16 տարվա հերթապահությունից՝ այդպիսով սկիզբ տալով իր հերթապահությանը:
Մարտ 17
Կորյուններ
Կիրակի օրը, խմբի փոքրիկները՝ կորյունները գալիք Սուրբ Զատիկի համար պատրաստում էին տարբեր ձեռային աշխատանքներ:
Գայլիկներ
Մեր փոքրերը` գայլիկներն ու արծվիկները, մարտի 17-ին դարձել էին երաժիշտ, խոհարար, վարսահարդար, մարզիչ, ինժիներ, վաճառող և այլն… նրանք խաղի միջոցով անցան գրեթե բոլոր մասնագիտություններով… Երեխաները շատ ոգևորված և ուրախ էին, նրանք ի շնորհիվ խաղի հայտնվել էին մասնագիտական «շուկա»-ում, ուր ոչ միայն դարձան «մասնագետներ», այլև զարգացրեցին կողմնորոշվելու ունակությունը և արագ հաշվելու` վճարումներ կատարելիս, հմտությունը… Շնորհակալություն ենք հայտնում ընկեր Լորա Զապունեանին և նրա օգնականներին` երեխաների համար ևս մի իմաստալից և հետաքրքրիր օր կազմակերպելու համար:
Սկաուտներ
Սկաուտներս` մարտի 17-ին, անցանք տարբեր փորձություններով, որոնք հաղթահարեցինք մեծ ուրախությամբ: Սկաուտներիս ծրագրերը, ինչպես փոքրերինը, կազմվում են հատուկ` հիմնված մեր նախասիրությունների վրա, որոնք խթանում են մեր զարգացվածությանը… Մարտի 17-ի ծրագիրը բացառություն չէր, խաղի միջոցով հաղթահարեցինք դժվարություններ, անցանք փորձություններ, որոնցով ստուգվեց մեր մտքի և մարմնի ճկունությունը:
Մարտ 24 | Ծաղկազարդ
⚜️«Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և փառք բարձունքներում»: Մատթեոս 21:9 Ծաղկազարդի տոնը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ՝ կիրակի օրը, որին էլ հաջորդում է Ավագ շաբաթը։ Մարտի 24-ին, սկաուտական խմբի անդամներս, ծանոթացանք տոնի խորհրդին՝ դիտելով տեսանյութ, ապա զարդարեցինք տոնական ծառը, որից հետո էլ ամբողջ խմբով գնացինք եկեղեցի։
Մարտ 26 | Գայլիկների միօրյա բանակում
⚜️Գայլիկներն ու արծվիկներն իրենց գարնանային արձակուրդը վայելեցին Արալեզ կենտրոնում` մարտի 26-ին, ժ. 10:00-16:00 😍Նրանց օրը հագեցած էր հետաքրքիր ուրախ խաղերով և շատ համեղ ճաշով: ⚜️😍Երեխաները խաղացին, ուրախացան, զարգացան և շատ ոգևորված վերադարձան տուն` սպասելով հաջորդիվ սկաուտական հավաքին:
Մարտ 31 | Սուրբ Զատիկ
⚜️Մարտի 31-ը տոնական հագեցած օր էր նաև սկաուտներիս համար: Նախ Հավկթաորս խաղացինք, որի ընթացքում քննվեցին մեր մտավոր և ֆիզիկական ունակությունները, ապա ուրախ ժամանակ անցկացրեցինք: Խաղի մի հանգրվանում նշեցինք մեր Մկրտչյան զույգ եղբայրների տարեդարձը, ապա վազեցինք ՆԶԿ-ի դասի, որի համար շնորհակալ ենք մեր ընկեր Դավիթին: ⚜️Դասն ավարտելուց հետո, խմբով գնացինք Կոմիտասի սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ էլ մասնակցեցինք Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնին նվիրված միջոցառմանը: Ինչպես միշտ, օրը լի էր գիտելիքով, նոր փորձով և զվարճանքով:
Tag:Scout, Scouting, Արալեզ, հայ սկաուտ, սկաուտ