Արշավեցինք դեպի Տավուշի մարզ
Կիրակի օրը՝ 17/09/2023թ.-ին, սկաուտներն ունեցան հերթական հիշարժան արշավը՝ այս անգամ այցելելով Տավուշի մարզ։ Այս անգամ Արալեզի Երևանի սկաուտական խմբին միացան Արալեզի Դրախտիկի և Շորժայի մասնաճյուղերի սկաուտները:
Սկաուտական խմբի կրթական ծրագրում ներառված է ամենամսյա հատուկ արշավ, որը հասանելի է անվճար՝ խմբի բոլոր անդամներին։ Նախատեսված է, որ սկաուտները մեկ տարվա ընթացքում այցելելու են ՀՀ բոլոր մարզեր՝ ճանաչելով և բացահայտելով Հայաստանի հուշարձաներն ու բնությունը․ հայրենասիրությունը սերմանվում է հայրենաճանչությամբ: Այս ամիս այցելեցինք Տավուշի մարզ՝ Աղավնավանք (12 – 13-րդ դարերի կիսավեր հայկական վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի համանուն գյուղում), Հաղարծնի վանք (10-րդ դարի հայկական վանական համալիր, Հայաստանի Տավուշի մարզում) և Հաղարծին վանական համալիրի մոտ գտնվող «Թաքնված» ջրվեժ, որն իսկապես Տավուշի մարզի թաքնված վայրերից մեկն է։ Համեմատած մյուս ջրվեժների ՝ Թաքնված ջրվեժն ավելի փոքր է, բայց ունի իր հմայքը։ Ջրի հոսքը թափվում է ժայռերի միջով և ստեղծում անհավանական կապույտ ջուր: Նրա գեղեցկությունը պարզապես հմայող է:
ԱՐԱԼԵԶի Լեռնագնացների ակումբի ղեկավարները միշտ մեզ հիացնում են մեր հայրենիքով, հաճախ արշավներ կազմակերպելով ՀՀ-ի բոլոր մարզերում՝ այս անգամը բացառություն չէր:
Աղավնավանքը՝ Տավուշի խիտ անտառում թաքնված այս վանքը, դրախտավայր է հիշեցնում։ Սկաուտներն ողջ ճանապարհին վայելեցին բնության գեղեցկությունը, մաքուր օդը, իսկ ավագ սկաուտները հաճախ քաջալերում էին սկաուտներին վայելել բնությունն իրենց բոլոր զգայարաններով:
Երբ հասանք վանք, սկաուտները ծանոթացան վանքի պատմությանը՝ մեր լեռնագնացների շնորհիվ, իսկ այնտեղ այդ պահին, նստած էր Նարա Ստեփանյանը, ով զբաղված էր կարպետագործությամբ։ Նա իր ժամանակը տրամադրեց մեր խմբին՝ ծանոթացնելով հայկական կարպետագորխությանը, ինչպես նաև թույլ տվեց մեր ձեռքերով գործել փոքրիկ կարպետներ:
Արշավը շարունակեցինք դեպճի Հաղարծնի վանք և Թաքնված ջրվեժ, իսկ թե ինչ գեղեցիկ տեսարան էր թաքնված ջրվեժում, խմբագրական խմբի անդամները դժվարանում են արտահայտել բառերով։
Տավուշի մարզը մեր խմբին կրկին հիացրեց իր գեղեցկությամբ, և ցանկություն առաջացրեց կրկին այցելել և բացահայտել նոր թաքնված գանձեր:
Շնորհակալություն ենք հայտնում մեր շատ սիրելի Լեռնագնացների ակումբին՝ անհամբեր սպասելով մեր հաջորդ արշավին։