Ուժեղ կանայք` Ալենուշ Տերյան (տեսանյութ)
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Ալենուշ Տերյանի տարեդարձն է։ Նա ծնվել է 1920 թ․-ին Թեհրանում։ Ալենուշ Տերյանն Իրանի ֆիզիկայի առաջին կին պրոֆեսորն է, ով Իրանի աստղագիտության պատմության մեջ առաջին արևային աստղադիտարանի հիմնադիրն է։ Հայտնի է որպես «Իրանի ժամանակակից աստղագիտության մայր»:
1947 թվականի մայիսին Ալենուշը ավարտում է ուսումը Թեհրանի համալսարանի Գիտության ֆակուլտետում և նույն տարվա սեպտեմբերից աշխատանքի անցնում նույն ֆակուլտետի ֆիզիկայի լաբորատորիայում, իսկ մեկ տարի հետո նշանակվում լաբորատորիայի գործառությունների պետ։
Տերյանը փորձում է համոզել իր դասախոս Մահմուդ Հեսաբիին, որ օգնի իրեն կրթաթոշակ ստանալ՝ Ֆրանսիայում ուսումը շարունակելու համար։ Սակայն կին լինելու պատճառով մերժվում է։ Չնայած դրան, հոր ֆինանսական օգնությամբ մեկնում է Փարիզ և Սորբոնի համալսարանի Մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետում շարունակում ուսումը։ 1956 թվականին ստանում է ասպիրանտուրայի աստիճան և Սորբոնում նրան դասախոսի պաշտոն է առաջարկվում։ Սակայն Իրանին ծառայելու համար որոշում է վերադառնալ և որպես դասախոս սկսում է թերմոդինամիկա դասավանդել Թեհրանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։
1959 թ.-ին, Արևմտյան Գերմանիան թոշակ է տրամադրում Թեհրանի համալսարանին, արևային ֆիզիկայի աստղադիտարանում 4 ամիս սովորելու համար և Տերյանն է ընտրվում որպես թոշակի շահառու։ 1961 թ.-ի մարտին չորս ամսով մեկնում է Գերմանիա, ապա վերադառնում Իրան, և 1964 թվականի մայիսի 30-ին արժանանում պրոֆեսորի կոչման, և այդպիսով դառնում Իրանի առաջին կին պրոֆեսորը։
1966 թվականի նոյեմբերի 20-ին ընտրվում է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի կոմիտեի անդամ, իսկ երեք տարի հետո նշանակվում Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի հիմնարկի արևային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ և աշխատանքի անցնում արևային ֆիզիկայի աստղադիտարանում, որի հիմնադրման մեջ ինքը մեծ դեր էր կատարել։
Տերյանը Իրանում աստղաֆիզիկա դասավանդող առաջին անձն էր։ 1979 թվականին պաշտոնաթողման դիմում է ներկայացրել և պաշտոնաթող եղել։ Նա կտակում բնակարանը նվիրել է Ջուղայի հայերին և այն ուսանողներին, որոնք հարմար բնակատեղի չունեն։ Կյանքի վերջը անց է կացրել Թեհրանի Թոհիդ ծերանոցում։