
Նոյեմբերի 4-ը պատմության մեջ
Այսօր՝ նոյեմբերի 4-ը, պատմության մեջ․
1493 թ. նոյեմբերի 4-ին Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Գվադելուպա կղզին։
Քրիստափոր Կոլումբոս՝ իտալացի ճանապարհորդ, հայտնագործող և գաղութարար, ով իրականացրել է 4 ճանապարհորդություն՝ կտրելով Ատլանտյան օվկիանոսը Իսպանիայի Կաթոլիկ միապետների հովանու ներքո։ Նա առաջինն էր Եվրոպայից, ով ճանապարհորդեց դեպի Կարիբյան ավազան, Կենտրոնական Ամերիկա և Հարավային Ամերիկա` սկիզբ դնելով Ամերիկայի գաղութացմանը։ Կոլումբոսը հայտնագործեց ծովային ճանապարհ դեպի Ամերիկա, մայրցամաք, որը մինչ այդ անհայտ էր Հին աշխարհին։ Չնայած նա կարծում էր, որ հայտնագործել է ճանապարհ դեպի Հեռավոր Արևելք, նրա հայտնագործությունը հիմք հանդիսացավ Ամերիկայի նվաճմանը և բնակեցմանը եվրոպացիների կողմից։
1497 թ. նոյեմբերի 4-ին պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գամայի նավերը հասան Աֆրիկա։
Վասկո դա Գաման Աշխարհագրական մեծ հայտնագործությունների առաջին հաջողակներից էր և Եվրոպայից ուղիղ դեպի Հնդկաստան ուղևորվող նավերի առաջնորդը։ 1524 թվականին կարճ ժամանակով պորտուգալական Հնդկաստանի ղեկավարն էր և ուներ Վիսերոնի կոչում։
1575 թ. նոյեմբերի 4-ին ծնվել է Գվիդո Ռենին, իտալացի գեղանկարիչ (մահ. 1642 թ.)։
Ծնվել է Կալվենցանոյում, սովորել է Բոլոնյայում Դենիս Կալվերտի մոտ։ Ազդեցություններ է կրել Լոդովիկո Կարաչչիից։ 1600 թվականին գնում է Հռոմ, որտեղ սկսում է նկարել Ռաֆայելի ոճով, որը սակայն ակնհայտորեն տարբերվում էր ժամանակի երկու խոշոր նկարիչներից՝ Կարավաջոյից և Հաննիբալե Կարաչչիից։ 1614 թվականին Ռենին վերադառնում է Բոլոնիա, որտեղ և ապրում է մինչև կյանքի վերջը, ընդամենը երկու անգամ լքելով քաղաքը՝ 1622 թվականին Նեապոլ և 1325 թվականին՝ Հռոմ։
1869 թ. նոյեմբերի 4-ին լույս տեսավ Նեյչր թերթի առաջին համարը։
Նեյչր (Nature), նշանավոր անգլիական գիտական շաբաթագիր է, որն առաջին անգամ լույս է տեսել 1869 թվականի նոյեմբերի 4-ին։ 2007 թվականին 28.751 ազդեցության գործոնով հանդիսացել է առաջին բազմակարգ գիտական պարբերականը` իր ամենամեծ մրցակից Science ամսագրին (26.372 ազդեցության գործոն) թողնելով երկրորդ տեղում։
Գիտական պարբերականների մեծ մասը խիստ մասնագիտացված են, և Նեյչրը սակավ պարբերականներից է (մյուս ականավոր օրինակներից են Science և Proceedings of the National Academy of Sciences շաբաթաթերթերը), որ դեռ հրատարակում է բնօրինակ հետազոտության հոդվածներ գիտական բնագավառների լայն տիրույթում։
2008 թ. նոյեմբերի 4-ին առաջին անգամ ԱՄՆ-ի պատմության մեջ նախագահ ընտրվեց սևամորթ անձնավորություն՝ Բարաք Օբաման։
Օբաման 2005 թ․ հունվարից 2008 թ․-ի նոյեմբերը Միացյալ Նահանգների կրտսեր սենատորն էր Իլինոյսից, որից հրաժարվել է նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Օբաման (2009 թվականի հոկտեմբերի 9-ին) Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է։