Հերոս տղերքը մեր
- Խմբագիր՝ Սարօ Թաթյոս
- Ամսաթիվ 28 Սեպտեմբերի, 2022
2020թ.-ը մեր ազգի պատմության ամենացավալի տարիներից մեկն է, այդ տարին ազգովի վիշտ ապրեցինք, զոհեր ունեցանք և բազմաթիվ վիրավորներ:
2008թ.-ից զբաղվելով սկաուտական գործունեությամբ, պատիվ եմ ունեցել բազմաթիվ երեխաների, պատանիների և երիտասարդների հետ աշխատել, բայց ոչ մի օր չէի սպասում, որ նրանց հիշեմ վշտով և ցավով, նրանք այն սկաուտներից էին, որ յուրահատուկ էին վարկագծով, ակտիվությամբ և հայրենասիրությամբ:
Արսեն Բեգլարյանը, միշտ եղել է մեր խմբի ամենաուժեղ ֆիզիկապես պատրաստ սկաուտերից, ով միշտ ուզեցել է իր ֆիզիկական պատրաստվածության դասերը փոխանցել կրտսեր սկաուտներին, նա միշտ դիմում էր, որ մենք պետք է սկսենք մարտարվեստի և ֆիզիկական պատրաստվածության խմբակ, որի շնորհիվ պաատանին կլինի պարապած և պատրաստ:
Արման Ճաղարյանը եղել է իր խմբի ամենաակտիվ սկաուտը, ով տարբերվում էր իր խելքով և անմեղ ժպիտով, նրան ճանաչել եմ փոքր հասակից, և մինչև հերոսաբար անմահանալը, նա ձեռք էր բերել 4 հատ բարձրագույն դիպլոմ, և վստահ եմ, որ պատերազմի ամենադժվար օրերին, նա իր լավատեսությամբ և անմեղ ժպիտով իր զինակից ընկերներին հույս և ուժ փոխանցած կլինի:
Արեգ Ադուրյանը միացավ սկաուտական խմբին խմբագրական և գրքերի ակումբի միջոցով, նա շատ ակտիվ աշխատում էր, որ խմբի ամսաթերթը տպվեր ժամանակին, և նրա լուսանկարներով և դիզայնով գեղեցկացնում էր թերթը, իսկ սկաուտական խմբում նա ավելի ճանաչված էր որպես լեռնագնաց, սիրում էր լեռները, և հաճախ խմբի լեռնագնացների ակումբով կազմակերպում էր լեռնագնացություններ և ուղեկցում էր բոլոր սկաուտներին, այդ պատճառով է, որ շատ լեռնագնացներ նրան հիշելուց ասում են՝ կհանդիպենք լեռներում։
Մեր հերոս տղերք, մենք ձեզ երբեք բացակա չենք դնելու։ Հավերժ փառք մեր անմահ հերոսներին․․․
Չարաբաստիկ 2020թ.-ը
Հոկտեմբեր 15
Մեծ ցավով և խոր վշտով տեղեկացանք մեր սիրելի եղբայր Արման Ճաղարյանի նահատակության լուրը, ով անմահացավ Մեր Սուրբ Հայրենիքի համար մղվող կենաց և մահու պայքարում:
Եղբայր Արմանը 20 տարեկանում հասցրել էր 3 դիպլոմ ստանալ՝ միանգամից։ Ուսմանը զուգահեռ Արմանը 2,5 տարի սովորել է Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանում, որի արդյունքում ստացել է սպայի կոչում։
Դու անմահ ես մեր Հերոս եղբայր
Փառք Հայոց բանակին, Փառք մեր ազգին, և Փառք մեր բոլոր եղբայրներին
Հոկտեմբեր 29
Մեծ ցավով և խոր վշտով տեղեկացանք մեր սիրելի եղբայր Արսեն Բեգլարյանի նահատակության լուրը, ով անմահացավ Մեր Սուրբ Հայրենիքի համար մղվող կենաց և մահու պայքարում:
Դու անմահ ես մեր Հերոս եղբայր…
Փա՛ռք Հայոց բանակին, Փա՛ռք մեր ազգին, և Փա՛ռք մեր բոլոր եղբայրներին
Դեկտեմբեր 12
Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ մեր ընտանիքից հեռացել է մեր սիրելի եղբայր Արեգ Ադուրյանը, նա նույնպես հավերժացավ՝ մարտնչելով հանուն ազատության և մեր խաղաղության…
Մեր խորհին ցավակցությունն ենք հայտնում եղ. Արեգի ընտանիքին, նրա եղբայրներին և քույրերին…
Հավերժ փառք քեզ
Հրապարակումն ընթերցվել է 161 անգամ:
Արալեզ Սկաուտական Խմբի Ընդհանուր Խմբապետ - Վաշտապետ