Եռօրյա անմոռանալի բանակում
Ուսումնական կառույցներում մեր գիտելիքը ստուգվում է ստուգողականների և քննությունների միջոցով, իսկ սկաուտական խմբում արշավներով և բանակումներով (ճամբարների), որոնց մասնակցելով կիրառում ենք սկաուտական հավաքներին ձեռք բերած գիտելիքները, ապա ձեռք բերում ինքնուրույնություն և ունենում ինքնադրսևորման հնարավորություն:
Սկաուտական հերթական հիշարժան եռօրյա բանակումը տեղի ունեցավ մայիսի 31-ից հունիսի 2-ին` Հանքավանի դրախտային բնությունում: Բանակումին մասնակցելու հնարավորություն ընձեռվեց այն սկաուտներին և արենուշներին, ովքեր հաջողությամբ անցան ԱԲԿ քննությունները և ստացան 1-ին կարգ:
Բանակումը մեկնարկեցինք: Կառուցեցինք բանակավայրը` վրաններ լարեցինք, կայմը կառուցեցինք և այլն: Բանակումային կյանքն առանձնանում է սովորական սկաուտական քաղաքային հավաքներից, քանի որ այստեղ մենք կարողանում ենք անել այն ինչ չենք կարողանում քաղաքում, բնականաբար օրակարգն էլ մեր պատասխանատուները կազմակերպում են հարմարեցված տվյալ տարածքին: Հետախուզական խաղերը, գետանցումները, խարույկի շուրջ զրույցները, հատուկ վարժանքները մեր ցերեկային բանակումի մասն էին, ճրագմարից հետո Բանակումային կյանքը փոխվում է` պահակ, հերթապահ: ժամը 00:00-ից ճրագմար է, բանակավայրի Իշխանը դառնում է Հերթապահը, ով կազմակերպում և հետևում է պահպանությանը: Պահակության ընթացքում շատերս հաղթահարել ենք մեր վախերը: Մեր ավագ եղբայրները, զինվորական ծառայությունից հետո հաճախ են կիսվել, որ սկաուտներս զինվորական պահակության ժամանակ տարբերում ենք մարդու ու կենդանու աչքերը, տարբերակում ձայները և այլն, ինչը չենք ասի ոչ սկաուտ զինվորների մասին, ովքեր կարող է տերևի շարժվելուն պես լցվեն տագնապով…
Բանակումի 1-ին օրն անցավ վայրկյանում: 2-րդ օրը տոնական էր` նշեցինք, ոչ միայն երեխաների պաշտպանության օրը, այլև մեր սկաուտական խմբի հիմնադրումը` 17 տարեկան ենք…
Դե ինչ տոնական օր առանց քաղցրի: Օրվա մեծ խաղը կազմակերպված էր տարածքում հետախուզության, ինքնապաշտպանության և զգոնության զարգացման հիման վրա: Տարածաշրջանով պահված էին տոնական տորթի բաղադրամասերը, որոնք հայտնաբերեցինք հաղթահարելով մի շարք դժվարություններ, ապա թխեցինք մեր տոնական տորթը: Օրը լի էր անակնկալներով:
Բանակումի 2-րդ օրը հասցրեցինք արշավել դեպի Թեժառույքի վանք (Թեժառույքի վանք, միջնադարյան հայ քաղկեդոնական վանական համալիր, որը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի հարավային հատվածում, անտառապատ բարձունքին, հրվանդանի գագաթին։ Ծովի մակերևույթիվ բարձր է 2000 մետր։ Վանքը կառուցվել է 1196-99 թվականներին՝ Զաքարյաններ իշխանական տոհմի սպարապետ Իվանեի կողմից։ Նրա հետնորդները թաղվել են այս եկեղեցու գավիթում):
Սկաուտական մեր ծրագրերում կարևորվում է ոչ միայն մտքի և մարմնի կոփումն ու զարգացումը, այլև հայրենի հողի և պատմության ճանաչումը:
Բանակումի 3-րդ օրն էր: Բոլորս էլ տխուր էինք` մեր հիասքանչ օրերն ավարտվեցին, հավաքեցինք բանակավայրը… Բայց մեր պատասխանատուները լավ իմանալով այս, գիտեին նաև ինչպես մեզ ուրախացնել:
Բանակայրը հավաքելուց հետո պատրաստեցինք հատուկ վարժանքի` դիպուկահարի հմտությունների ծանոթացում և կիրառում էր մեզ սպասվում:
Բոլորս էլ շատ ուրախ էինք` ընկալելով մեզ տրված նոր գիտելիքը, բոլորս էլ կրակայինի բարձր ցուցանիշներ գրանցեցինք:
Սկաուտներիս գնդակը դիպուկ է: Ավելին կրակային վարժության մասին կհրապարակենք շուտով
Մեզ սպասվում է նորանոր բանակումներ, շնորհակալ ենք մեր հրամանատար կազմից` այս եռօրյա անմոռանալի օրերի համար:
Շնորհակալություն ենք հայտնում Հովնանյան ընտանիքին և TATIOSA ընկերությանը մեր խմբին աջակցելու՝ Սկաուտական խմբի ծրագրերը հովանավորելու համար:
Հրապարակումն ընթերցվել է 209 անգամ: