
Սկաուտությունը զինվորական ծառայությունում
Շնորհիվ անցած սկաուտական ուղու, մեր սկաուտ զինվորներն ավելի հեշտությամբ են հարմարվել և հարմարվում ծառայությանը՝ զինվորական առօրյային։ Սկաուտական գիտելիքի շնորհիվ նրանք փայլուն կատարել են բոլոր մարտական առաջադրանքները և լավագույն լուծումները գտել առաջացած խնդիրների ժամանակ։
Խմբագրական խմբիս անդամներն իրականացնում ենք հատուկ նախագիծ, ըստ որի զրուցում ենք զինվորական ծառայությունն ավարտած սկաուտների հետ՝ փորձելով վեր հանել այն գիտելիքը, որն ամենաշատն է անհրաժեշտ Զինվորին, սկաուտ-զինվոր տարբերությունը։ Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում նրանցից 3-ի պատասխանները՝ սկաուտությունը ծառայության մեջ։ Մնացածի պատասխանները կգտնեք մեր հետագա հրապարակումներում։

Մանվել Կիրակոսյան․«Սկաուտը՝ պատանի հետախույզը, փոքր տարիքից սովորում է բանակային կյանքին և արդեն բանակում նրա համար բարդություններ չեն առաջանում հարմարվելու բանակային կյանքին։
Սկաուտ-բանակ համեմատություն անելիս կարող եմ ասել, որ սկաուտությունը շատ է օգնում ծառայողական կյանքում` իր ռեժիմով, որովհետև սկաուտական ճամբարների ռեժիմը ու բանակային ռեժիմը գրեթե նույն ա՝ զարթնումից հերթապահություն։ Ճամբարում դաշտում ենք շարվում բանակում պլացում․․․
Ժամը 12-ից հետո ինչպես ճամբարում, այնպես էլ բանակում կա պահակություն, հերթապահություն՝ երկու երկուական ժամով սկաուտները, զինվորները կանգնում են և պահում են իրենց տարածքը։ Տարբերությունը սկաուտական պահակների մոտ լինում ա սուլիչ, ֆանարիկ ու գերան՝ իրեն վստահված տարածքը պաշտպանելու համար, իսկ օրապահությունը բանակում էլի 2 ժամով ա ու իրանք պահում են կամ զենքով կամ, եթե գնդում են պահում են դանակով՝ տարբերությունը դրանում է։
Սկաուտի առավելությունը բանակում ոչ սկաուտի հետ համեմատած ըստ իս, դա առաջին հերթին առօրյա գրաֆիկն ա, երկրորդ հերթին դիմացկունությունը, որը ժամանակի ընթացքում սկաուտները ձեռք են բերում, այսինքն իրանց մարզանքների միջոցով, պահակության ժամանակ իրենք կոփում են իրենց մարմինը իրենց մտավորը նրանով, որ ֆիզիկապես կոփում են պահակության ժամանակ ու ֆիզիկապես և մտավոր կոփում են պահակության ժամանակ։ Պահակության ժամանակ, երբ դու մենակով կանգնում ես մութ տեղում 2 ժամ գիշերը նախ դու ունենում ես երկար ժամանակ մտածելու համար, հետո ձեռք ես բերում դիացկողականություն՝ նախ առաջին ոտքի վրա չքնելու և երկրորդ, եթե ցուրտ եղավ նույնիսկ ցրտին դու ավելի դիմացկուն ես դառնում ոչ մրսկան ես դառնում։ Բանակում առօրյան նենց ա, որ լրիվ սկաուտականի պես ա տարբերությունը նրանում ա, որ բանակում սովորում են զինվորական պարտականություններ զբաղմունքների, դասընթացների ժամանակ սովորում են բանակային առօրյա կարիքներ, իսկ սկաուտականում սովորում են ողջ մնալու արվեստ, որը սովորացնում են բանակային հատուկ ջոկատայիններին` հետախույզներին կամ, եթե ավելի բարձր մակարդակ ա սպեցնազին՝ նույն ինքը հատուկ ջոկատայիններին։
Իմ կյանքը բանակում հեշտացել ա նրանով, որ իմ համար բանակում ամեն օրը ոնց որ սկաուտականի մթնոլորտում լիներ։ Միակ դժվարությունը բանակում այն ա, որ կարողանաս լեզու գտնել համածառայակիցների հետ, ուրիշ բարդ բան չկա, բայց ես երբ որ նայում էի ոչ սկաուտ ծառայողներին իրենց համար անսովոր էր ու սթրեսային, իսկ իմ համար դա սովորական բան էր՝ ռեժիմն էլ գործողություններն էլ, դրա վրա ավելորդ էներգիա չէի ծախսում»։

Կարեն Մելքոնյան․ «Սկաուտականն առաջին հերթին ինձ տվեց մեծ թմբուկ նվագելու գիտելիքը, որի շնորհիվ ծառայությանս 2-րդ օրը դարձա զինվորական նվագախմբի ակտիվ անդամ։
Սկաուտական հավաքների ընթացքում մեզ սովորեցրել էին, թե ինչպես գոյատևել անտառային պայմաններում, ինչպես խարույկ վառել, ապաստարան պատրաստել, վրան կանգնեցնել և նմանատիպ բաներ, որոնք նույնպես արեցի ծառայությանս ժամանակ։ Նաև շարային պատրաստությունը կարևոր եղավ իմանալ, քանի որ զինվորը պարտավոր է իմանալ շարային քայլի նրբությունները։
Սկաուտական խմբի նվագախմբի փորձերն ու սկաուտական գիտելիքը վերացրին ծառայության դժվարությունները»․․․
Դավիթ Իսպիրյան․ «Սկաուտությունը ծառայության ժամանակ օգնում է կողմնորոշվել՝ թե կողմնացույցի, թե նաև անտառների և քամու օգնությամբ՝ թե որտեղ է գտնվում հյուսիսը ու հարավը։
Կարողանում ես ոչ նորմալ, թաց և անձրևային պայմաններում վառել խարույկ և կարողանում ես նաև քո գիտելիքների օգնությամբ սարքել պատսպարան բնության տարերքների դեմ, որ կարողանաս դիմադրել՝ ցրտին, շոգին, անձրևին, ձյանը և այո, կարողանում ես սկզբից քեզ դրսևորել որպես լիդեր, քեզ դրսևորում ես լավագույն կողմերով և մնացած տղաներն էլ արդեն շահագրգռվում են, որ իրենց էլ սովորեցնես։ Սկաուտությունը շատ է օգնում և ինձ էլ շատ է օգնել պատերազմի ժամանակ, երբ կարողանում էի անձրևի տակ վառել կրակ և այնպես, որ չհանգեր և տղերքը կարողանային տաքանալ և նաև կարողանում էի շատ լավ հաց սարքել, որ ուտեն տղերքը և հա, բոլորին խորհուրդ կտամ մինչև ծառայելը սովորեն ամենը։

Ու ամենամեծ բանը, որ տալիս ա սկաուտությունը բանակում էն ա, որ դու այնտեղ միանգամից դառնում ես ձեռնարկող ու արդեն ծառայությունը հեշտանում ա ոչ միայն քո անձի համար, դու նույնիսկ կարողանում ես կազմակերպել շատ բաներ ու արդյունքում ավելի շատ հարգանքի ես արժանանում, որովհետև դու գիտես՝ ծառայությունը ինչպես ա ընթանում ու դու գիտես, ինչ պետք ա անես ու դու անում ես նենց, որ ամեն ինչ ճիշտ կատարվի»․․․
Մեր 15+ տարվա սկաուտական կյանք անցած խմբապետների փոխանցվող գիտելիքի շնորհիվ, մեր սկաուտները դառնում են պատրաստված զինվորներ, ովքեր վերադառնում են իրենց ծառայությունից պատվոգրերով, շքանշաններով և նվազագույնը սերժանտի կոչումով․․․
Փա՛ռք Հայ Զինվորին, Փա՛ռք ՀՀ բանակին