Սկաուտ լինելու իմաստը
- Խմբագիր՝ Սարօ Թաթյոս
- Ամսաթիվ 13 Սեպտեմբերի, 2022
Եթե մինչև հիմա չգիտեք՝ ինչ է սկաուտությունը, ապա կարդացեք այն՝ մեր մասին հատկացված էջում, իսկ եթե գիտեք, բայց չգիտեք որն է իմաստը, ապա մնացեք ինձ հետ:
Անձամբ միշտ ասել եմ, որ սկաուտությունը ապրելաձև է, որով անձն իր կյանքը կապրի այդ ուղով: Ծնվել և մեծացել եմ սփյուռքում, փոքր տարիքից, ինչպես շատ երեխաներ, միացել եմ սկաուտական շարքերին, երկար տարիներ եղել եմ ՀԲԸՄ-ի և ՀԵԸ (Սփյուռքում ՀԲԸՄ-ին պատկանող երիտասարադական խումբ՝ «Հայ երիտասարդաց ընկերակցություն») անդամ:
Սկաուտությունը լինելով ոչ կուսակցական և չքաղաքականացված շարժում, սովորեցրել է ինձ ընդունել բոլորին, կուսակցությունից հեռու բոլորս հայ ենք, մնում է մի նպատակի շուրջ աշխատենք: Արալեզի Սկաուտ լինելով ես չեմ աշխատում ինչ-որ մի կուսակցության շահերի համար, պաշտոնների համար:
« համայն հայության բարգավաճմանը նպաստող հիմքերի ստեղծմանը »
Արալեզի Սկաուտները հայկական քիչ խմբերից են, որոնց երդման մեջ ՉԵՔ գտնի Արալեզ անունը, կամ ինչ-որ անձի, այլ երդվում ենք Աստծու և Հայրենիքի առաջ, երդվում ենք՝
«Երդվում եմ պատվովս՝ հավատարիմ լինել Աստծուն, Ազգին և Հայրենիքին, Միշտ օգնել ուրիշներին և գործել իբրև պարտականությանս գիտակից, արի և վեհանձն մարդ՝ հնազանվելով հայ սկաուտի դավանանքին»:
Երդվում ենք, որ մեր նշանաբանի նման՝ «Միշտ Պատրաստ»․ միշտ պատրաստ ենք ծառայելու և անշահախնդիր աշխատելու հանուն մեր Սուրբ նպատակների իրականացման, որոնց հասնելու համար սկաուտները կամավոր աշխատում են 7 օր՝ 24 ժամ:
Սկաուտության իմաստը՝ որպես հայկական ակումբ, կարող եմ ասել սա է. մաքուր՝ առանց երդման բառերը շեղելու և փոփոխելու, լինել մաքուր սկաուտ, նվիրել կյանքդ քո զարգացման և քո ազգի համար, և ոչ թե ինչ-որ անձի կամ կազմակերպության շուրջ: Սկաուտը սկաուտ է իր գործով, իր խոսքով և իր արարքով, անշահախնդիր (կամավոր)…
Մեր սկաուտներին միշտ ասում եմ, որ հիշեն Զորավար Անդրանիկի հռչակավոր խոսքերը․ «Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց և քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար»:
Կյանքիս մեծ մասը նվիրել եմ սկաուտությանն և ազգանվեր աշխատնքներին, ոչ մի օրս չեմ ափսոսում, որ եղել եմ Սկաուտ, ինչպես ասում է զորավար Անդրանիկը․ «Իմ կուսակցութիւնն իմ ազգն է»․․․
Արալեզ Սկաուտական Խմբի Ընդհանուր Խմբապետ - Վաշտապետ