Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) հիմնադրվել է 1946թ-ին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ, ով էլ եղավ աստղադիտարանի առաջին տնօրենը։
ԲԱ-ն տեղակայված է Արագած լեռան հարավային լանջին։ Աստղադիտարանում տեղադրված է 12 դիտողական գործիք, որոնցից ամենամեծը 2,6մ հայելու տրամագծով Կասեգրեն համակարգի աստղադիտակն է, իսկ մյուսը` 1մ հայելու տրամագծով Շմիդտի համակարգի աստղադիտակը։
Աստղադիտարանի գիտական հետազոտությունները գլխավորապես կապված են Տիեզերքի անկայուն երևույթների հետ։
1946թ-ից սկսած՝ Բյուրականի աստղադիտարանում անցկացվել և անցկացվում են բազում գիտական միջոցառումներ՝ այդ թվում ՄԱՄ 4 սիմպոզիում և մեկ կոլոքվիում։
Աստղադիտարանի ճարտարապետական համալիրը բաղկացած է վարչական շենքից և աստղադիտակների աշտարակներից։ 1940-1950-ականներին կառուցված շենքերի նախագծերը պատկանում են Սամվել Սաֆարյանին, իսկ 1960-1980-ականներինը՝ Սարգիս Գուրզադյանին։
Գիտական հետազոտություններից զատ աստղադիտարանը կատարում է նաև տեղեկատվական գործառույթ՝ կազմակերպելով նաև այցելություններ և դասախոսություններ սիրող աստղագետների համար։
1998թ-ից Բյուրականի աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։
Բյուրականի աստղադիտարանը ՀՀ ԳԱԱ 33 գիտահետազոտական ինստիտուտներից մեկն է, հիմնադրվել է 1946 թ․։ Գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունը Տիեզերքի անկայուն երևույթներն են: Գիտական գործունեությունն ընդգրկում է հետևյալ ոլորտները․
- Ակտիվ կորիզներով և ակտիվության այլ ձևերով օժտված գալակտիկաների հայտնաբերում և ուսումնասիրություն,
- Առաջին և Երկրորդ Բյուրականյան սպեկտրային շրջահայության արտագալակտիկ օբյեկտների ուսումնասիրություն,
- Գալակտիկաների համակարգերի դիտողական և տեսական հետազոտություն, ներառյալ գալակտիկաների կոմպակտ և լայն խմբերը,
- Օբյեկտների էվոլյուցիայի վրա ակտիվ գործընթացների ազդեցության ուսումնասիրում,
- Աստղառաջացման տիրույթների ուսումնասիրություն, ներառյալ մեր Գալակտիկայի երիտասարդ անկայուն օբյեկտները,
- Աստղասփյուռների և նրանց բնորոշ բնակչության՝ անկայուն և բռնկվող աստղերի, H-ալֆա առաքումային աստղերի, տարաբնույթ ակտիվությամբ, այդ թվում, նաև անիզոտրոպ օպտիկական շիթերով օժտված երիտասարդ աստղերի, ինչպես նաև միգամածությունների հայտնաբերում և ուսումնասիրություն,
- Բյուրականյան սպեկտրալ շրջահայությունների կապույտ աստղային օբյեկտների և ուշ դասի աստղերի հայտնաբերում և ուսումնասիրություն,
- Աստղաֆիզիկայի հրատապ խնդիրների մաթեմատիկական մոդելավորում,
- Տիեզերական օբյեկտների սպեկտրերի մեկնաբանում,
- Պատահական անհամասեռ միջավայրում ճառագայթման տեղափոխման տեսություն,
- Դիտողական կոսմոլոգիայի, այդ թվում նաև տիեզերական տարբեր հիեռարխիկ մակարդակների պատկանող օբյեկտների առաջացման ու էվոլյուցիայի խնդիրներ,
- Աստղագիտական սարքաշինություն, այդ թվում՝ աստղադիտակների և աստղագիտական աշտարակների ու գմբեթների նախագծում և կառուցում:
Բյուրականի աստղադիտարանում գիտական գործունեությունն իրականացվում է հետևյալ գիտահետազոտական բաժիններում.
- Աստղագիտական շրջահայություններ
- Անկայուն երեւույթներ
- Երիտասարդ աստղային օբյեկտներ
- Աստղաքիմիա, աստղակենսաբանություն եւ արտարեգակնային մոլորակներ
- Ակտիվ գալակտիկաներ
- Տեսական աստղաֆիզիկա
- Բարձր էներգիաների աստղաֆիզիկա
- Տիեզերական կոմպակտ օբյեկտներ եւ ռելյատիվիստական գրավիտացիա
- Պատմամշակութային աստղագիտություն
Գիտական հետազոտություններին ծառայում են աստղադիտարանում տեղադրված հինգ դիտողական գործիքները.
- 2,6մ հայելու տրամագծով Կասեգրեն համակարգի աստղադիտակը, որն աստղադիտարանի ամենամեծ գործիքն է
- 1մ հայելու տրամագծով Շմիդտի համակարգի աստղադիտակը
- 53սմ Շմիդտի համակարգի աստղադիտակը
- 50սմ Կասեգրեն համակարգի աստղադիտակը
- 40սմ Կասեգրեն համակարգի աստղադիտակը
Ավելին՝
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կայքէջ՝ https://www.sci.am/
Բյուրականի աստղադիտարանի կայքէջ` https://www.bao.am/index.php
Բյուրականի աստղադիտարանը սոցիալական հարթակներում՝ https://www.facebook.com/Byurakan/, https://www.instagram.com/bao.am_official/
Աղբյուր՝ bao.am