Հատիս լեռ
Լեռնագագաթ Կոտայքի մարզում, Կոտայքի սարավանդի հս-արլ-ում, Կապուտան գյուղից 2,5 կմ հվ-արլ: Լեռան անվանումը հաճախ օգտագործվում է Հատիս, Հադիս, Շամիրամի լեռտարբերակներով: Բարձրությունը 2528 մ է: Կոնաձև է, լանջերը՝ կտրտված ձորակներով: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է: Հարավային ստորոտի լավային ծածկույթի տակից բխում է Քառասունակն աղբյուրների խումբը,որտեղից սկիզբ է առնում Երևան քաղաքի առաջին ջրմուղը(1912 թ.):
Անվանումը
Լեռան Շամիրամ անվանումը պայմանավորված է Արայի լեռան դիմաց գտնվելու հանգամանքով և խորհրդանշում է Արա գեղեցիկ և Շամիրամ ավանդապատումի իրական ակունքները: Սակայն լեռան Հատիս, Հադիս անվանումները մեկնությունների տեղիք է տվել: Կա այն կարծիքը, որ հատիսի հիմքում ընկած է փռյուգիական բնության մեռնող և հարություն առնող աստծո՝ Ատտիսի անունը, որըն իր դիցաբանական գործառույթներով համապատասխանում է Արային: Հետևաբար այդ լեռը նախապես կապված է եղել Արայի պաշտամունքի հետ, հետագայում ստացել է Շամիրամի անվանումը: Լեռան Հադիս անվանումն էլ համապատասխանում է Հադեսին, որը հունական դիցաբանության մեջ համարվում է ստորգետնյա աշխարհի և մեռյալների թագավորության տիրակալը, որն էլի առնչվում է Արային այն առումով, որ վերջինս լինելով մեռնող և հարություն առնող աստված պարբերաբար հայտնվում է մեռյալների թագավորությունում: Հտիս լեռը խորհրդանշել է նրա անդրշիրիմյան կյանքը:
Հատիսի գագաթին կա գետնափոր խուց, որին լեռնագնացները Հատիսի քարարնձավ են անվանում:
Աղբյուր՝ ArmGeo