«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով։ Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։
Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը։
«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում[1]։
Թանգարանի ճարտարապետներն են Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, շենքի քանդակային լուծումների հեղինակն է քանդակագործ Արա Հարությունյանը։ 1968-1969 թվականներին Արա Հարությունյանն իր հարթաքանդակներով ձևավորում է Էրեբունի թանգարանի շենքը (գլխավոր ճակատամուտք՝ «Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատամուտքը՝ «Առյուծաորս», հյուսիսային ճակատամուտք՝ «Խալդ աստվածը»)։ Թանգարանի քանդակային ձևավորումը հնագույն Ուրարտու պետության պատմությունն է՝ ներկայացված պլաստիկ արտահայտչամիջոցներով։ Էրեբունի թանգարանի քանդակազարդման համար 1970 թվականին Արա Հարությունյանը թանգարանի շենքի հարթաքանդակների համար արժանացել է ԽՍՀՄ ճարտարապետների միության դիպլոմի[2]։