Ապարանի ջրամբար, Ապարանի լիճ, արհեստական ջրամբար Հայաստանի Արագածոտնի մարզում, Քասաղ գետի վերին հոսանքում, Քուչակ և Եղիպատրուշ գյուղերի մինջև[1][2]։
Կառուցվել է 1962–1967 թթ-ին Ցոլակ Հակոբի Գեւորգյանի կողմից։ Մակերեսը 7,9 քառակուսի կիլոմետր է, ընդհանուր ծավալը՝ 91 միլիոն խորանարդ մետր, օգտակարը՝ 81 միլիոն խորանարդ մետր, ջրթողունակությունը վայրկյանում 18 խորանարդ մետր։ Ջրամբարի ամբարտակը հողային է, բարձրությունը՝ 50 մ, երկարությունը՝ 200 մ[3]։
Սնվում է Քասաղ գետի, Լուսագյուղ, Վարդենիս, Թթուջուր, Եղիպատրուշ, Քուչակ գետակների և մթնոլորտային տեղումներից։ Ձմռանը սառցակալում է։ Օգտագործվում է ոռոգման համար։ Ջուրը տրվում է նախկին Աշտարակի, Էջմիածնի շրջաններին։ Ջրամբարի հիմնական ձկնատեսակը տեղական կողակն է։ Այստեղ բուծվել է նաև Սևանա լճի իշխանը, սիգը և ծածանը։ Վերջին տարիներին այստեղ բուծվել է նաև խեցգետինը։ Շրջակայքում կառուցվել են հանգստյան գոտիներ։ Ջրամբարի ջրերի տակ են մնացել Քասաղ, Զովունի գյուղատեղերը, որոնց բնակիչները վերաբնակեցվել են Երևանի շրջակայքում։
Նախկին Զովունի գյուղում ջրի սահմանագծից 1967 թ-ին հանվել և անվտանգ տեղ են փոխադրվել V դարում կառուցված Սուրբ Վարդան և Թուխ Մանուկ փոքրաչափ եկեղեցիները։ IV դարում կառուցված Պողոս-Պետրոս բազիլիկ տաճարը տարեկան 3-4 ամիս մնում է ջրային տարածքի մեջ։
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայկական ճարտարապետության <<Գմբեթավոր սրահ>> տիպի շինության առաջին օրինակն է:
Ըստ Ա. Սահինյանի եկեղեցին նախապես եղել է հեթանոսական տաճար: 4 դարի սկզբում սրբագործվել է՝ վերածվելով քրիստոնեական տաճարի:
6-րդ դարի սկզբին Գրիգոր Գնթունի իշխանի պատվերով և միջոցներով աղոթասրահը վերածվել է գմբեթավոր սրահի: Իշխանի շինարարական արձանագրությունը փորագրված է
խորանի ձախակողմյան առաջին մույթին.<<Քրիստոս Աստուած, յԻշեա զԳրիգոր Գնթունեաց տեր>>:
Տարվա մեջ 3 ամիս եկեղեցին մնում է ջրի տակ, սակայն երբեք խաչը ջուրը չի ծածկում: