Վերելք Արայի լեռ
Արա լեռը գտնվում է Կոտայքի և Արագածոտն մարզերի սահմանաբաժանի վրա, Քասախ և Հրազդան գետերի միջև։ Հանգած հրաբուխ է։ Բարձրությունը կազմում է 2605 մ։ Արևմտյան մասում հարակից է Քասախի կիրճին։ Իր մեկուսացված դիրքի շնորհիվ, լեռնագագաթը իր ամբողջ մակերեսով և գեղեցկությամբ երևում է Հայաստանում շատ վայրերից և բարձր լեռնագագաթներից։
Բուսական աշխարհի բազմազանությամբ ամենահարուստն է Հայաստանում։ Այստեղ գրանցված են մոտ 650 տեսակի անանոթ բույսեր, որոնք կազմում են Հայաստանի բուսականության 20 %- ը։ Արա լեռը մեծ տարածք է զբաղեցնում, այդ իսկ պատճառով բազմազան է նաև ռելիեֆը։ Կիսանապատներին հաջորդում են տափաստանները, իսկ մասնատված ձորակներում հանդիպում են անտառապատ տարածքներ։
Վերելքը Արայի լեռ իրականացնում են տարբեր երթուղիներով։ Մեծամասնությունը իրականացնում է վերելք լեռան գագաթ հարավային լանջով և իջնում ժայռոտ, անտառապատ ձորակի միջով դեպի Ծաղկեվանք։ Արա լեռան վրայից շատ գեղեցիկ երևում է ձյունածածկ Արագած լեռը։
Լեռն ունի նաև այլ անվանում ՝ Հայաստանի պառկած հսկա: Վերջինս կապված է Արա Գեղեցիկի հետ, և ասում են որ լեռը հիշեցնում է հենց պառկած Արային։ Մովսես Խորենացին իր «Պատմության» մեջ հիանալի կերպով պատմել է հայոց արքա Արա Գեղեցիկի և նրա սիրու համար պայքարող Ասորեստանի թագուհի Շամիրամի մասին: Շամիրամը, լսելով Արա Գեղեցիկի հմայքի մասին, հատուկ պատվիրակություն էր ուղարկել Հայաստան, որպեսզի իր սերը հասցնի Արա Գեղեցիկին: Վերջինս, չնայած Շամիրամի բոլոր փորձերին, մերժել էր ասորաց թագուհուն:
Վիրավորված Շամիրամը կանգնեց ասորական զորքերի գլուխ և ուժեղ թափով հարձակում գործեց դեպի Հայաստան: Ասորական զորքերը հետզհետե խորանում էին դեպի Հայաստան, ճանապարհին թողնելով միայն զոհեր: Շամիրամը, սակայ, հրամայել էր իր զորավարներին՝ Արային կենդանի հասցնել իրեն: Շամիրամը սարսափել էր, երբ իմացել էր, որ Արան մահացու վիրավոր է, երբ կռվում էր հենց այս լեռան լանջերին Շամիրամի զորքերի դեմ: Շամիրամի ցանկությունով, մարտի դաշտից գտել էին Արայի մարմինը և բերել իր մոտ: Թագուհին հրամայել եր, որ կենդանացնեն Արային: Վերջինիս մարմինը տարվել էր Արա լեռան գագաթ և արալեզների միջոցով փորձել հետ բերել արքային: Հայոց զորքերն իրենք արքայի հիշատակի համար վրեժ լուծելու ելան ասորիների դեմ, որին Շամիրամը պատասխանեց, որ հրամայել է աստվածներին, որ լիզեն Արայի վերքերը, նրան կենդանացնելու համար: Տասը օր անց Շամիրամը խելքի եկավ, որ արքա այլևս չի արթնանա: Հուսահատ Շամիրամը լքեց Հայաստանը՝ վստահ լինելով, որ Արայի հոգին գնաց Բաբելոն, որպեսզի Շամիրամի մահվանից հետո միավորվի թագուհու հետ:
Արայի լեռան լանջին այժմ կա մի գյուղ, որը կոչվում է հենց արքայի անունով՝ Արայի գյուղ: Քչերն են հիշում այս լեռան առաջին անունը՝ Ծաղկեվանք: Այժմ այդպես անվանում են լեռան լանջին գտնվող վանքին, որը փորված է քարանձավի մեջ։ Վերջինս հայտնի է իր քարանձավից անդադար հոսող ջրով, որը բուժիչ հատկություններ ունի: Սովորաբար Ծաղկեվանքը Արա լեռան երթուղու վերջնակետն է։ Վերելքի ընթացքում հյուսիս-արևմուտքից աստիճանաբար բացվում էր իր ամբողջ գեղեցկությամբ քառագագաթը: Գագաթից երևում էին նաև Թեղենյաց լեռները:
Ծաղկեվանք
Ծաղկեվանքը Կույս Վառվառայի մահարձանն է համարվում։ Իսկ ըստ Վատիկանի՝ Սուրբ Վառվառան ինչպես Սուրբ Քրիստափորը հավանաբար առասպելական գոյություն ունի, իսկ եթե ոչ՝ ապա կամ իր դաժան հոր ձեռքին է զոհվել քրիսոնեություն ընդունելու համար, և կամ հափշտակվել հրեշտակների միջոցով։
Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Հայկական իշխաններից մեկը հավանում է նրան, նրա գեղեցկությանը և ուզում է բռնի տիրանալ նրան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։
Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց և կենդանիների աչքերը։
Նյութի աղբյուր՝ ArmLand