ՍԻՐԵԼԻ ՎԱՐԴԱՆ, ԴՈՒ ԱՅՍՕՐ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՐԴԵՆ ՈՉ ԹԵ ԴԱՍՏԻԱՐԱԿ ԵՂԲԱՅՐ ԵՍ, ԱՅԼ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒ ԿԵՆԴԱՆԻ ԿԵՐՊԱՐ: ԱՐԴ ԱՄԲՈՂՋ ՀՈԳՈՎ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԳՈՐԾԴ:

1965թ. հունիսի 1-ին, Բախշյան ընտանիքում ծնվեց մի մանուկ: Տիեզերական զուգադիպությամբ նրա անունը կնքեցին իմացյալ մահով անմահացած Վարդան զորավարի անունով: Դեռ դպրոցական տարիներից բացահայտվեց նրա բացառիկ հետաքրքրությունը հայոց պատմության եւ ազգային խնդիրների նկատմամբ: Նախնական եւ միջնակարգ կրթությունը ստանում է Արմավիր քաղաքի թիվ 2 (այժմ Վարդան Բախշյանի անվան) դպրոցում: 1983թ.ին նա Երեւանի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող էր, երբ զորակոչվեց խորհրդային բանակ: Ծառայության երկու տարիներին նա ձեռք բերեց զինվորական գիտելիքներ, կռահելով կարծես, որ Հայրենիքի պաշտպանության համար մի օր դրանք պետք են գալու: 1985-ին զորացրվելուց հետո Վարդանը շարունակեց ուսումը համալսարանում: 1989թ.ին, ավարտելով Պատմության ֆակուլտետի ընդհանուր պատմություն բաժանմունքի լրիվ դասընթացը, նա ընդունվեց ասպիրանտուրաª միաժամանակ համագործակցելով Հայաստանի պատմական աշխարհագրության եւ քարտեզագրության լաբորատորիայի հետ: Վարդանը ուսանողական տարիներին համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում թուրքերեն էր ուսումնասիրում, դրան զուգահեռ նաեւ ադրբեջաներեն: Մասնագետների կարծիքով` նա փայլուն տիրապետում էր օսմանլու թուրքերենին: Թուրքիայում այդ լեզուն վաղուց չի օգտագործվում եւ անգամ այդ երկրում այն գործածում են հատուկենտ լեզվաբաններ ու գիտնականներ: Թուրքերենի նկատմամբ Վարդանի հետաքրքրությունը պայմանավորված էր հետագայում թուրքական արխիվներում հայոց պատմագիտության համար անհայտ էջերի ուսումնասիրությամբ: Վարդան Բախշյանի ուսանողական տարիները զուգադիպեցին հայոց նորագույն զարթոնքի` Ղարաբաղյան շարժման հերոսական շրջանին, երբ համայն հայությունը վճռականորեն դեմ դուրս եկավ խորհրդային բռնատիրությանը եւ տեր կանգնեց կորցրած իրավունքներին: Վարդանի ազատատենչ ոգին վաղուց պատրաստ էր այդ պայքարին: 1988թ.ի փետրվարյան առաջին օրերից ամբողջ էությամբ նա նվիրվեց շարժմանը: Հենց այդ տարիներին էր, որ մի խումբ ընկերների հետ հիմնադրեցին Հայ ուսանողական դաշինք միությունը, որն, ըստ էության, առաջին փորձն էր Հայաստանում ժողովրդավարական սկզբունքներով միավորել ուսանողությանը ազգային նպատակների իրագործմանը նպաստելու համար: Միությունը հրատարակում էր ՙԴաշինք՚ ուսանողական թերթը, որի խմբագիրներից մեկն էլ Վարդանն էր: 1989թ.ի դեկտեմբերի 2-ին Հ.Մ.Ը.Մ.-ը վերահաստատվեց Հայաստանում: Այդ գործում հսկայական էր Վարդանի աշխատանքը: Երիտասարդ սկաուտի համար այդ օրը տոնական էր: Վրադանը գիտակցում էր, որ Հ.Մ.Ը.Մ.-ն այն կազմակերպությունն է, որ կարող է կրթել Հայրենիքին երջանկություն բերող նոր սերունդ: Վարդան Բախշյանը դարձավ Հայաստանի Հ.Մ.Ը.Մ.-ի վերահիմնադիրներից մեկը եւ ընտրվեց միության առաջին վարչության անդամ եւ իր կարողությունը ներդրեց միության աշխատանքների զարգացմանը: 1991թ.ին Վարդանն Աթենքում ընտրվեց Հ.Մ.Ը.Մ.-ի Կենտրոնական վարչության անդամ` դառնալով հայրենիքից առաջին ներկայացուցիչը այդ մարմնում: Հատկանշական է, որ Հ.Մ.Ը.Մ.-ի ներկայացուցչական ժողովի ուշադրության առանցքը Վարդանն էրª իր լուրջ մոտեցումներով եւ հաճելի զրույցներով: Մտահոգված էր կենտրոնական վարչության անդամ ընտրվելու կապակցությամբ: Գիտակցում էր, որ իրեն վստահված պարտականությունը ամբողջությամբ կատարելու համար ժամանակ պիտի չունենար զբաղվելու Արցախով` այն Արցախով, որի համար պատրաստ էր կյանքը տալու: Վարդանի անհանգիստ հոգին չբավարարվեց միայն Հայաստանի մանուկների առողջ դաստիարակությամբ: Չէ± որ Արցախում հազարավոր մանուկներ էին որբանում... 1990թ.ին` լինելով Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ, Վարդանը միացավ ինքնապաշտպանական ջոկատներին եւ մեկնեց Արցախը պաշտպանելու: Մասնակցեց Բերդաձորի հերոսական մարտերին: 1991թ.ի դեկտեմբերի 16-ին թշնամին հարձակվեց Հասանաբադ գյուղի վրա: Վարդանն ու իր ընկերները մեկ անգամ եւս մտան մարտի մեջ: Գրոհը հետ մղվեց: Բնակչությունը վտանգազերծված էր. սակայն… հաղթական մարտում Վարդանը զոհվեց եւ նրա հոգին միացավ հայոց պատմության հերոսների փաղանգին: Պատմաբան Վարդանն` ինքը դարձավ պատմություն: Նրա կարիքը զգացվում է հենց հիմա, երբ կրկին պետք են պարկեշտ ու առաքինի ղեկավարներ, երբ Հայրենիքին անհրաժեշտ են մտավորական զինվորականներ, երբ Հայաստանը պետք ունի անաչառ, հետեւողական գիտնական-պատմաբանների: Նրա կարիքը զգացվում է ամեն օր, ամեն ժամ, երբ հարկ է լինում լսել ծանրակշիռ, լրջախոհ որեւէ խորհուրդ: Այդպիսին էր նա մշտապես: …Նրան խնդրում էին ճակատ չմեկնել` այլ ոլորտներում անփոխարինելի էր: Վարդանն ընտրեց հայրենի հողի պաշտպանությունը, քանի որ այդ պահին Հայրենիքին դա էր անհարժեշտ: Իսկ նրա համար պահի ճշմարտությունը վեր էր ամեն ինչից: Նա Արցախը պաշտպանող անդրանիկ զինվորներից էր: Նա կյանքը զոհեց Արցախի համար եւ իր զոհաբերությամբ վառեց հազարավոր նոր կրակներ: Կրակներ, որոնք, ինչպես Վարդանը, երկրի համար դժվար պահերին ասում են` "ՆԵՐԿԱ":